Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցներն օրերս ստուգումներ են իրականացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գրասենյակում։ Ըստ մամուլի հրապարակումների՝ հարուցվել է քրեական գործ 9,7 միլիոն դրամ ԱԱՀ չվճարելու փաստով։
Էներգետիկ և տրանսպորտային ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ սա Հայաստանի նոր իշխանությունների նախազգուշացումն էր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը՝ վերանայելու իրենց ոչ արդյունավետ գործունեությունը Հայաստանում։
«Այդ 9,7 միլիոն դրամը ո՛չ «Հարավկովկասյան երկաթուղու», ոչ էլ ՀՀ բյուջեի համար, բնականաբար, եղանակ ստեղծող գումար չէ։ Ես այս գործընթացներն ընկալում եմ որպես պարզապես նախազգուշացում «Հարավկովկասյան երկաթուղուն» և մի շարք այլ ընկերությունների, ընդ որում՝ ոչ միայն ռուսական ընկերությունների, այլև բազմաթիվ այլ, որոնք տարիներ շարունակ օգտվելով քաղաքական տանիքից, քաղաքական «դաբրոներ» ստանալով տարբեր պետական ինստիտուտներից՝ ապօրինի գործունեություն են ծավալել»,- ընդգծեց Վահե Դավթյանը։
Վերջինս նաև հավելեց. «Վերջին 10 տարվա ընթացքում, որոնք ուղղված էին սպասարկելու «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը, կնքվել էին պայմանագրեր իշխանական էլիտաների, աֆիլացված ընկերությունների հետ, այսինքն՝ ստացվում է, որ դրանք պայմանագրեր են, որոնք, փաստորեն, ստեղծել են «Հարավկովկասյան երկաթուղու» համար հատուկ կարգավիճակ, իսկ մեր ներկայիս կառավարությունն իր այս քայլերով ցույց է տալիս, որ նման գործելաոճն այլևս անընդունելի է լինելու, ինչը միանգամայն ողջունելի է»։
Մանրամասները՝ տեսանյութում։









































