Հայաստանում սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու՝ վարչապետ Փաշինյանի առաջարկը անակնկալի է բերել ոչ միայն քաղաքական ուժերին, այլև փորձառու իրավաբաններին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքում վարչապետն ասել էր. «Դուք գիտեք, որ մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ մինչև հաջորդ մայիս, պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Տեսեք՝ ինչ է կատարվում. ըստ էության, սահմանադրական հնարավորությունը հետևյալն է այս պահին, որ ես՝ որպես վարչապետ, պետք է հրաժարական տամ, և խորհրդարանը պետք է 2 անգամ անընդմեջ չընտրի նոր վարչապետ, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Բայց հիմա նրանք սկսել են մտածել հետևյալը. ասում են՝ դե թողնենք, հրաժարական տա, հետո արագ, թաքուն ուրիշ վարչապետ կընտրենք, կասենք, օրինակ՝ չասեմ ում: Նախ ես ասեմ, որ այդ մարդիկ շարունակում են չհասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում, բայց քանի որ չեն հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում, մենք կանենք հետևյալը. մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետևյալը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին: Եվ ուրեմն այդ փոփոխությունները պետք է ընդունի այդ նույն խորհրդարանը, ինչը տեղի կունենա միայն մի պայմանով, երբ դուք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներդ, դա ձևակերպեք ձեր կողմից որպես հստակ պահանջ: Երբ դուք ձևակերպեք, մենք կապահովենք դրա իրականացումը խորհրդարանում»։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Անկախ դատավոր» փաստաբանական գրասենյակի ղեկավար, նախկին դատավոր Պարգև Օհանյանը մտահոգություններ ունի սահմանադրական փոփոխությունների իրականացման հարցում։ «Բարդ է, բայց կարծում եմ՝ հանրային պահանջով կլինի։ Այնպես, ինչպես անհնար էր թվում իշխանափոխությունը, բայց եղավ հանրության պահանջով։ Հուսանք, որ կլինի, թեև ինտրիգներ շատ կլինեն։
Ընթացակարգային առումով պետք է վերլուծել, այս պահին բարդ է ասել։ Պետք է նախագիծ մշակվի, ներկայացվի, նոր հնարավոր կլինի հստակ բան ասել։ Մի Ընտրական օրենսգիրք տևական ժամանակ չեն կարողանում փոփոխել, Սահմանադրությունը շատ ավելի բարդ կլինի, հատկապես, որ միջազգային բան կա, Վենետիկի հանձնաժողով և այլն։ Իրավական ընթացակարգերը պարզ են՝ փոփոխությունն արվի, դրվի հանրաքվեի։ Քաղաքական մասն է փոքր-ինչ բարդ»,- ասաց Պարգև Օհանյանը։
Արդյոք հնարավո՞ր է սահմանադրական փոփոխությունները իրականացնել մինչև ԱԺ արտահերթ ընտրությունների վերջնաժամկետը՝ եկող տարվա մայիս, Պարգև Օհանյանը պատասխանեց. «Անհնար ոչինչ չկա, այլ հարց է, որ պետք է հասկանալ և՛ իրավաբանական, և՛ քաղաքական, և՛ տեխնիկական հնարավորությունները։ Վարչապետը հանկարծակի հնչեցրեց այդ առաջարկը»։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն էլ նշեց, թե կա հնարավորություն Սահմանադրությունը փոփոխելու հանրաքվեի միջոցով։ «Ուղղակի կառավարությունը կարող է քննադատության թիրախում հայտնվել, քանի որ նոր պայմաններ է առաջադրում, նոր մեխանիզմներ, որոնք հեղափոխության օրերին չէին առաջարկվում։ Իրավական դաշտում ապահովված է այդ առաջարկի լեգիտիմությունը, քաղաքական դաշտում կա խնդիր, կարող է քննադատության տակ հայտնվել»,- նշեց իրավաբանը։
Դիտարկմանը, թե հանրությունը մանդատ է տվել վարչապետին, Արա Ղազարյանը պատասխանեց. «Սահմանադրությունը ընդունվում է իրավական ճանապարհով, իսկ իրավական ճանապարհը հանրաքվեն է։ Իսկ դա պետք է ուղեկցվի բոլոր երաշխիքների պահպանմամբ՝ արտահայտվելու ազատություն, խոսքի ազատություն, դատական պաշտպանություն և այլն։ Հիմա չգիտենք՝ Փաշինյանն այդ մանդատը ունի՞, թե՞ ոչ»։
Ղազարյանը նաև մտահոգիչ է համարում, որ հանրահավաքի հարթակում կանգնած չէր կոալիցիոն կառավարությունը, կանգնած էին միայն ՔՊ նախարարները, ինչը մտահոգություն է առաջացնում: «Բոլոր դեպքերում հարցը հնչեցվել է, ասեմ, որ իրավական մեխանիզմը կա։ Ժամկետի առումով բարդ է, ի սկզբանե մտածում էին ընտրություններն անցկացնել աշնանը, նախ՝ խոսում էին Ֆրանկոֆոնիայի մասին, ժամանակի սղության պատճառով հետաձգեցին գարնանը։ Հանրային քննարկումներ են պետք»,- ասաց Արա Ղազարյանը։
Նա նաև մտահոգիչ է համարում անցումային արդարադատության ներդրման առաջարկը։ «Թեև քննարկումները գնում էին, միջազգային փորձագետներ հրավիրել էին, բայց առաջին անգամ դա հրապարակայնորեն հայտարարվեց, ուրեմն որոշ կտրուկ քայլեր նախատեսվում են այդ ուղղությամբ»,- ասաց Արա Ղազարյանը։









































