Այսօր՝ օգոստոսի 13-ին, Կառավարության շենքի դիմաց ակցիա են իրականացնում Ամուլսարի հանքի շահագործմամբ շահագրգռված «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները, որոնց հետաքրքրում է հանքի շահագործման ճակատագիրը. «Ուզում ենք իմանալ՝ ինչ է լինելու, շուտով 1500 մարդ աշխատանքից կազատվի, որովհետև այդ ֆիրման չի կարողանում աշխատել»:
Դիտարկմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ջերմուկ կատարած այցից հետո որոշվեց ստուգումներ իրականացնել, որից հետո կորոշվի հանքի ճակատագիրը, բողոքի ակցիայի մասնակից մեր զրուցակիցներն ասացին. «Այդ ստուգումները կարող են 5 ամիս տևել, դրա վերջը ե՞րբ կտեսնենք: Մեզ հիմա պատասխան է պետք, որպեսզի իմանանք՝ ինչ ենք անում: Պարոն վարչապետի ասելուց անցել է 53 օր, մենք հնազանդվել ենք պարոն վարչապետին, զիջման ենք գնացել, բայց եթե այսպես շարունակվի, մենք դառնալու ենք գործազուրկ»:
Նրանց խոսքով՝ եթե կա անաչառություն, ուրեմն պետք է բոլոր հանքերը փակվեն. «Մեր հանքը ոչ օրինական է փակված, մենք չենք ստացել ոչ մի փաստաթուղթ, որ հանքը փակ է, դուք չեք կարող մինչև ստուգումներն աշխատել»:
Բողոքի ակցիայի մասնակիցները նշեցին, որ ճանապարհը փակել են նրանք, ովքեր կարծում են, թե հանքի շահագործումը վնասակար է: Սակայն, ինչպես իրենք են համոզված, վնասակար ոչինչ չկա:
Մանրամասները՝ տեսանյութում:








































