Թերթը գրում է. «Որքան մոտենում է նախընտրական սեզոնը, այնքան կարևորվում է լրատվության դերը: Եթե հեռուստաընկերություններում մինչ օրս ազատություն չկար, ապա սրանից հետո ուղղակի օդի պակաս է լինելու:
Լրատվական ծրագրերը ղեկավարելու են բացառապես հնազանդ և հավատարիմ մարդիկ, որոնք վայելում են հեռուստատեսությունների տերերի լիարժեք վստահությունը: Հենց դա է պատճառը, որ մոտ 20 օր առաջ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կադրային փոփոխություններ է արել «Կենտրոն» հեռուստաընկերությունում: Պետրոս Ղազարյանը թեև շարունակելու է վարել իր «Ուրվագիծը», սակայն նրա կապվածությունը նախագահի նստավայրին պատճառ է դարձել, որ նրան հեռացնեն լուրերի ծրագիրը ղեկավարելուց: Նրա փոխարեն նշանակվել է Բաղդասար Մհերյանը, ով ժամանակին աշխատում էր «Հայլուրում», ապա քաղաքաշինության նախարարի մամուլի խոսնակն Էր»:
Այս փոփոխությունը Պետրոս Ղազարյանը, թերթի տեղեկություններով, ծանր է տարել և անգամ մի շաբաթ աշխատանքի չի գնացել: Ստիպված «Ուրվագծի» որոշ հաղորդումներ կրկնել են, որպեսզի նրա բացակայությունը չերևա. «Ասում են՝ Պետրոս Ղազարյանը որոշել է սեփական ինտերնետային կայքը ստեղծել և աշխատում է այդ ուղղությամբ»,- հավելում է թերթը: