Բրիտանական Bridebook կայքի հաշվարկների համաձայն՝ երկրում միջին վիճակագրական հարսանիքի արժեքը հասել է պատմական առավելագույնին՝ 30,4 հազար ֆունտ սթերլինգի։
Հարսանիքի արարողությունն անցկացնելու համար ամենաթանկ տեղը Մեծ Բրիտանիայում Լոնդոնն է. այստեղ ամուսնանալը մոտ 31,8 հազար ֆունտ է նստում նորապսակների վրա։ Հարսանեկան արարողության համար առավել պահանջված վայրերից է նաև Շոտլանդիան իր բազմաթիվ ամրոցներով. այստեղ ամուսնանալու դեպքում նորապսակները 19,8 հազար ֆունտ են ծախսում միջինում։ Ամենից էժանը Հյուսիսային Իռլանդիայում ամուսնանալն է. այստեղ ծախսերը չեն գերազանցում միջինում 13 հազար ֆունտ սթերլինգը։
Ամուսնացողներն այստեղ ժամանակին համաքայլ են գնում. 25%-ը ստեղծում են իրենց սեփական հարսանեկան կայքը, մոտավոր այդքանն էլ սոցցանցերում հատուկ հեշթեգեր են օգտագործում։ Կան և այնպիսիք, որոնք կատեգորիկ դեմ են ժամանակակից տեխնոլոգիաներին. մոտ 30%-ը խնդրում է հյուրերին տեսանյութեր և նկարներ չհրապարակել համացանցում՝ իրենց հարսանիքից։









































