«ԱՄՆ-ն իր պատժամիջոցային քաղաքականությամբ փորձում է հասնել նրան, որ Իրանում դժգոհությունների ալիք բարձրանա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը:
Նա նկատեց, որ Իրանի տնտեսությունը բավականին զգայուն է, և պատժամիջոցները կարող են հասցնել տնտեսական դժգոհությունների, որոնք էլ «տեխնիկական» միջամտությամբ կվերաճեն քաղաքական դժգոհությունների. «Արդյունքում կարող են հասնել նրան, որ երկրում փոխվի շիայական համակարգը, և նշանակվեն ամերիկամետ կամ արևմտամետ ուժեր»:
Իրանագետի կարծիքով՝ Թուրքիայի սատարումը Իրանին ժամանակային է, փուլային, որովհետև երկու երկրները տարածաշրջանում մրցակից են, իսկ Եվրոպայի համար սա հնարավորություն է՝ ցույց տալու, որ ինքը ԱՄՆ-ի ետնաբեմը չէ և կարող է անկախ գործել:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա իրանագետը կարծում է, որ, բնականաբար, կտուժեն հայ-իրանական տնտեսական հարաբերությունները. «Հայ ներդրողները կզգուշանան ամերիկյան պատժամիջոցներից: Սակայն ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ Հայաստանը երկու կողմից գտնվում է շրջափակման մեջ, և եթե առաջարկում են դա էլ փակել, ապա պետք է այլընտրանք առաջարկեն: Կարծում եմ՝ կոպտագույն սխալ է Իրանի հետ հարաբերությունները զոհաբերել հանուն մեկ այլ երկրի հետ հարաբերությունների»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:









































