«Միջնաժամկետ ծախսերի ծրագրով աշխատավարձերի ու թոշակների բարձրացում դեռևս նախատեսված չէ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք 2019-ին ավելանալու են սոցիալական ծախսերը։ Նա իհարկե նաև խորհուրդ է տվել ուսումնասիրել 2019-ի միջնաժամկետ ծրագրի ցուցանիշները` ակնարկելով, որ դրանցում կան փոփոխություններ, սակայն նախարարի ասածն, ընդհանուր առմամբ այն մասին է, որ թոշակների ու աշխատավարձերի առնվազն էական աճ չի լինելու: Ֆինանսների նախարարը, ըստ էության, նորություն չի բացահայտել։ Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության ընթացիկ վիճակը, անգամ վիճակագրական վերջին ցուցանիշների դրական միտումների պարագայում, հաջորդ տարի թոշակների ու աշխատավարձերի ավելացում ակնկալելն իրատեսական չէ։ Դա, մեծ հաշվով, օբյեկտիվ իրողություն է, որը պայմանավորված չէ միայն կառավարության աշխատանքով։ Փող չկա. Դա է օբյեկտիվ իրողությունը, որի հետ պարտավոր են հաշվի նստել բոլորը, առաջին հերթին կառավարությունը։ Բայց եթե կառավարությունն այդ իրողության հետ հաշվի չնստելու այլընտրանք չունի, ապա այլընտրանք կարող է ունենալ ՀՀ քաղաքացին, որը ամիսներ անց դառնալու է ընտրող՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում։
Հեղափոխության կապիտալիզացիան, ինչի մասին հիմա շատ մոդայիկ է խոսել, չի արտահայտվում միայն քաղաքական հայտարարություններով ու իրողություններով, հասարակության տեսանկյունից, հասարակության համար այդ կապիտալիզացիան պետք է դրսևորվի առաջին հերթին կենսամակարդակի, եկամուտների ավելացման տեսքով։ Հակառակ պարագայում, հեղափոխական ոգևորությունը մարելու է, և ընտրողն ու քաղաքացին հայտնաբերելու են, որ որքան էլ էսթետիկապես հաճելի է ապրել նոր Հայաստանում, այդուհանդերձ, այդ կյանքը չի տարբերվում նախկին Հայաստանի կյանքից, այն կյանքից, որի պատճառով դժգոհում էր նախկին իշխանություններից։ Ու հայտնաբերելով այդ կյանքի միօրինակությունը, փոփոխության բացակայությունը, ընտրությունների ժամանակ քաղաքացին մտածելու է՝ ձայն տա՞լ հեղափոխություն իրականացրած քաղաքական ուժին, որի գործունեության բարեբերությունն առայժմ արտահայտվում է միայն էսթետիկական հարթությունում, թե կողմնորոշվել դեպի այլ քաղաքական կուսակցություն։
Այն, որ որևէ ուժ հեղափոխությամբ, թե այլ ճանապարհով իշխանության գալուց ամիսներ հետո չէր կարողանալու բարձրացնել քաղաքացիների կենսաթոշակներն ու աշխատավարձերը, քննարկման նյութ չէ անգամ։ Հայաստանի տնտեսությունը ներկայիս կառուցվածքով, ներկայիս համամասնություններով նման հնարավորություն չի տալիս։ Հայաստանի տնտեսությանն անհրաժեշտ է իրական, երկարաժամկետ զարգացում, ինչի համար էլ կենսականորեն անհրաժեշտ են օտարերկրյա ներդրումներ ու միջազգային վարկեր։ Առայժմ չկա ոչ մեկը, ոչ մյուսը։ Որովհետև ներդրումների համար անհրաժեշտ է հստակ տնտեսական քաղաքականություն, ռազմավարություն, խաղի որոշակի ու կանխատեսելի կանոններ, որոնք դեռևս բացակայում են։ Իսկ միջազգային վարկերի համար երկիրը պետք է ունենա տնտեսական ընթացքի կայունության մասին վկայող չափորոշիչներ, որոնք կրկին բացակայում են։
Այսինքն՝ կենսաթոշակներ ու աշխատավարձեր բարձրացնելու հիմք օբյեկտիվորեն չկա։ Բայց կարևոր է, թե ինչ է անում կառավարությունը այդ հիմքերը ստեղծելու համար, և անո՞ւմ է արդյոք, ընդհանրապես, թե՞ ոչ։ Դատելով հեղափոխական կառավարության երկու ամիսների գործունեությունից, կառավարությունում ավելի շատ ռեսուրսներ հայթայթելու աղբյուր են համարում կոռուպցիայի դեմ պայքարն ու նախկին պաշտոնյաների ապօրինի ունեցվածքի բացահայտումը, քան տնտեսական քաղաքականությունը։ Ինչպես առիթ ունեցել ենք գրելու, տնտեսական քաղաքականությունը ստորադասվում է այդ նպատակներին։ Բայց այդ աղբյուրը, կոռուպցիայի դեմ պայքարի միջոցով գումար հավաքագրելու աղբյուրը, խիստ սահմանափակ է, չափազանց սահմանափակ։ Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում բացահայտվել է 42 միլիոն դոլար։ Երկու ամսում։ Դա, կրկնում ենք, չափազանց քիչ է, քանի որ Հայաստանի տնտեսության վրա էֆեկտ ունենալու համար անհրաժեշտ է այդ գումարի առնվազն տասնապատիկը՝ ամսվա կտրվածքով։ Իսկ կոռուպցիոներները ու ապօրինի հարստացած պաշտոնյաները բավականաչափ խելոք են, և իրենց ունեցվածքը հասցրած կլինեն համապատասխան փաստաթղթավորումների ենթարկել այնպես, որ ողջ իրավապահ համակարգը չի կարողանա հայտնաբերել դեպի իրենց տանող հետքերը։
Հայաստանին անհրաժեշտ է փող, շատ փող։ Իսկ դրա համար էլ անհրաժեշտ է ռազմավարական, հայցակարգային տնտեսական քաղաքականություն, որը Հայաստան կբերի օտարերկրյա իրական ներդրումներ։ Կառավարությունն առայժմ նման տնտեսություն ստեղծելու ազդակներ չի հղում։ Փոխարենը, ամեն օր շարունակում է հայտարարել կոռուպցիայի դեմ պայքարի ու ստվերային գումարների բացահայտման մասին։ Իսկ դրանք ապահովում են լավագույն դեպքում մի քանի դիտարժան ձերբակալության տեսանյութեր ու մի քանի միլիոն դոլար գումար։ Ընդամենը։









































