Ճապոնիան բողոք է ներկայացրել Ռուսաստանին՝ ճապոնական պատվիրակության ձեռքից արբանյակային հեռախոսները առգրավելու համար՝ վերջերս հարավային Կուրիլներ կատարած այցի ժամանակ:
Այս մասին Տոկիոյում հայտարարել է Ճապոնիայի մինիստրների կաբինետի գլխավոր քարտուղար Յեսիհիդե Սուգան:

Նա նշել է, որ հուլիսի 22-ին բողոքը Ճապոնիայի դեսպանատան կողմից ներկայացվել է Ռուսաստանի ԱԳՆ: Սուգան հեռախոսների առգրավման հետ կապված միջադեպը «շատ ցավալի» է անվանել:
Նշվում է, որ Ռուսաստանի տարածք արբանյակային հեռախոսների մուտքը Կապի պետական տեսչության թույլտվությունն է պահանջում: Ճապոնական «Կիոդո» լրատվական գործակալությունը մեջբերում է Ճապոնիայի ԱԳՆ հայտարարությունն առ այն, որ ռուսական օրենքների կիրառումը հարավային Կուրիլներում «հակասում է Ճապոնիայի իրավական դիրքորոշմանը»:








































