ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության և ռազմավարության մասին՝ նշեց, որ ի տարբերություն նախորդ կառավարությունների այս կառավարությունն ունի քաղաքական կամք՝ իրական փոփոխություններ անելու։
«Սա արդեն 4-րդ կառավարությունն է, որի հետ մենք աշխատում ենք և շատ հարցեր են եղել, որոնց բախվել ենք հենց այդ քաղաքական կամքի բացակայության պատճառով, այսինքն խնդիրները չեն լուծվել։
Իսկ բացասական կողմերից այս կառավարության կասեմ այն, որ հիմա, այնուամենայնիվ, չի ուրվագծվում քայլերի հերթականությունը, այսինքն կառավարության ներկայացրած ծրագիրն էլ, որ նայում ենք քայլերի հաջորդականություն չկա․ ճիշտ է որոշ ոլորտներ առանձնացված էր, բայց օրինակ ՓՄՁ սեկտորը, որ նայում ենք՝ ծրագրում դա ընդամենը մի տեղում էր հիշատակվում, գուցե սրա համար առանձին փաստաթուղթ պետք չի, բայց գոնե այս մասով պետք է հասկանանք մեր քայլերի հաջորդականությունը և ինչպիսի ռազմավարությամբ ենք շարժվելու․ այս քայլերն ուշանում են, բայց սա այն խնդիրն է, որը օր առաջ պետք է լուծում ստանա»,-նկատեց Հակոբ Ավագյանը։
Վերջինիս խոսքերով՝ այլևս անընդունելի է առանց քննարկման և առանց բազմակողմանի լուրջ վերլուծության բիզնեսին առնչվող նախագծեր ուղարկելը Ազգային Ժողով ու կիսատ-պռատ լուծումներով առաջ շարժվելը։
«Եթե քննարկում ենք հանրային մի ոլորտ, ապա լավ կլինի որ դրան առնչվող հարցերն ամբողջությամբ լուծում ստանան և դա հնարավորինս մասնակցային լինի, որովհետև այսօր բիզնեսի մեծ մասի մոտ մեծ հույսեր ու ակնկալիքներ կան այս նոր կառավարությունից , հավատով են լցված նրանց նկատմամբ և դրա համար էլ տնտեսավարողներն էլ իրենց հերթին ուզում են իրենց ոլորտին առնչվող հարցերի մասին երկխոսեն կառավարության հետ և իրենց առաջարկություններով խթանեն դաշտի զարգացմանը, ոլորտում առկա պրոբլեմների հնարավորինս արագ կարգավորմանը»,-ընդգծեց մեր զրուցակիցն ու միևնույն ժամանակ հավելեց, որ հատկանշական է, որ հիմա հարկային, մաքսային մարմիններում բարելավումներ կան՝ կոռուպցիոն ռիսկերն են գրեթե զրոյացվել, բայց միայն դա բավարար չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։











































