Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները հենց հեղափոխական են եղել, քանի որ իշխանության էությունն է ձևափոխվել։ Այս մասին «Ընտրական օրենսգիրքը որպես քաղաքացիական հասարակության անկյունաքար» թեմայով քննարկումների ժամանակ հունիսի 23-ին հայտնել է Աղասի Ենոքյանը։
Նրա խոսքով՝ Ընտրական օրենսգրքին զուգահետ անհրաժեշտ է քննարկել նաև սահմանադրական փոփոխությունները։ «Մեր երկրում ընտրական օրենսգիրքը իրավաբանական փաստաթուղթ չէ։ Այն ավելի շուտ քաղաքական փաստաթուղթ է։ Ու առայսօր արվում էր ամեն ինչ այն խախտելու համար, մինչդեռ իրականում այն պետք է ձևավորեր իշխանությունը»,- ասել է Ենոքյանը։
Սոցիոլոգ Ահարոն Ադիբերկյանի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների արդյունքում պարզապես փոխվել է քաղաքական վերնախավը:
Միևնույն ժամանակ, ինչպես նշեց նա, այս փոփոխություններն ամբողջությամբ չեն իրականացվել, այլ՝ միայն մասամբ: «Պետական ապարատի աշխատակիցների մեկ երրորդը ՀՀԿ անդամներ են: Նրանք շարունակում են աշխատել իրենց պրոֆեսիոնալիզմի հաշվին»,- պարզաբանեց Ադիբեկյանը:









































