Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի պաշտպանը հանդես եկավ միջնորդությամբ` իր պաշտպանյալի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու վերաբերյալ: Պաշտպանը դատարանին ներկայացրեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Հովիկ Աղազարյանի անձնական երաշխավորությունները: Դատավորը նշեց, որ միջնորդությունը կքննվի հունիսի 25-ին ժամը 16:00-ին:
Վահան Շիրխանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թ. մայիսից անձնապես ծանոթանալով «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն Գյումրու Կաթոլիկե եկեղեցու քահանա, Հայաստանի Հանրապետության և Ավստրալիայի քաղաքացի` Անտոն Դիկրան Թոթոնջյանի, նույն հիմնադրամի լրագրող Լիլիթ Թորոսյանի և Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, նրանց առաջարկությամբ ստանձնել է մասնակցել Վարդանյանի կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը:








































