Այս տարի Եվրամիությունը ֆինանսական օգնության շրջանակներում 87 միլիոն եվրո է հատկացրել «Արևելյան գործընկերության» երկրներին՝ նախորդ տարվա համեմատ ֆինանսավորման ծավալը մեծացնելով 22 միլիոն եվրոյով: Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի հայտարարությունը:
87 միլիոն եվրոն բաշխվել է Հայաստանի (25 միլիոն եվրո), Վրաստանի (27 միլիոն եվրո) և Մոլդովայի (35 միլիոն եվրո) միջև:
«Այս տարի երեք արևելյան գործընկերներ պարգևատրվել են ժողովրդական բարեփոխումներին ուղղված իրենց ջանքերի և հիմնական արժեքներին նվիրվածության համար: Հույս ունենք, որ այս խմբում ավելի շատ թվով երկրներ կլինեն ապագայում»,- նշել է ԵՄ ընդլայնման և եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Հայաստանին հատկացված 25 միլիոն եվրոն ուղղված է կոռուպցիայի և պետական համակարգի բարեփոխմանը, Վրաստանը հատկացված միջոցներով կպայքարի գործազրկության դեմ, իսկ Մոլդովան կբարձրացնի գյուղական շրջանների բնակիչների կենսամակարդակը:









































