Դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի Նիժեգորոդսկի մարզի Արզամաս քաղաքում վիճաբանության արդյունքում հայը դանակի հարվածով սպանել է 26-ամյա Ալեքսանդր Սլակաևին, իսկ նրա ընկերոջն էլ մարմնական վնասվածքներ հասցրել:
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել. Արզամաս քաղաքում բնակվող հայերը երեկ «Առաջին լրատվական»-ին ներկայացրին որոշ մանրամասներ: Նախ՝ հայերին պատկանող «Օջախ» (ԿփՈչ) ռեստորանում Ալեքսանդր Սլակաևն իր ընկերոջ հետ եկել է հաց ուտելու: Ռուսական մամուլում շրջանառվող լուրերը, որ Ալեքսանդր Սլակաևը չի հավանել խորովածը և մենեջերին հայտնել է իր դժգոհությունների մասին, և որ հետո Ալեքսանդրին ու իր ընկերոջը հինգ հայերով կանչել են դուրս, ծեծել, իսկ վերջում շամփուրով հարվածել Ալեքսանդրին, իրականությանը չեն համապատասխանում:
Ռուսական մամուլի այս վարկածը հերքում են տեղի հայերը: Նրանց պատմելով՝ Սլակաևը եկել է «Օջախ», պատվիրել, հետո պատճառաբանել, որ որակը լավ չէ, բայց, ըստ նրանց, որակը շատ լավն է եղել, և Սլակաևը միտումնավոր հրահրել է վեճ, հայ մատուցողին անվանել է «ուռոդ», ապա հանել դանակը, ինչի արդյունքում մատուցողը փախել է խոհանոց: Վերջինիս գոռգոռոցից մյուս հայերը եկել են օգնության: Ծեծկռտուքի ընթացքում էլ հայերից մեկը շամփուրով հարվածել է Սլակաևին, շամփուրի հարվածը դիպել է Սլակաևի սրտին, ով արդեն հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Հայերն անկեղծորեն խոստովանում են, որ դեպքից հետո հակահայկական ագրեսիա է նկատվում: Արդեն իսկ ռուս ազգայնականները տասը հայկական օբյեկտի պատուհաններ են ջարդել՝ կոչերով՝ թող հեռանան այլազգիները այստեղից:
Երեք օր է դրությունը կայունացել է, քանի որ իրավիճակը վերահսկում է ՕՄՕՆ-ը: Նրանք մեզ տեղեկացրեցին, որ այս պահին իրավիճակը համեմատաբար կայուն է:
Հետաքրքրվեցինք` արդյո՞ք հայերի առևտրի կենտրոնները վնասելուց հետո պատասխանատվություն կրել են իրականացնողները: Մեզ հետ զրույցում նրանք նշեցին, որ առայժմ կալանավորված են երեք տղաներ` 1982, 1972 և 1986 թվականների ծնված: Նրանց փոխանցմամբ` մտավախություն կա, որ եթե ռուսների բռնեն կատարված խուլիգանությունների համար, ապա ավելի շատ մարդ կմիանա ներկայիս 500 ցուցարարներին:
Հարցը, ըստ նրանց, ՌԴ իշխանությունները չեն թողնում քաղաքականացնել, տեղի իշխանությունը ամեն ինչ անում է, որ այդ ամենն ավարտվի, քանի որ իրենք հասկանում են՝ հայն ով է: Արզամաս քաղաքում 1940-ական թվականներից հայերը մեծ թիվ են կազմել, ատոմային ռումբի սարքավորումների վրա աշխատել են հայ գիտնականներ, ովքեր մեծ հարգանք են վայելել:
Նշենք, այս պահին Նիժեգորոդսկի մարզում 40-50.000 հայ է ապրում, ովքեր հիմնականում առևտրով են զբաղվում:











































