«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքական TURKSAM միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծությունների կենտրոնի փորձագետ Ահմետ Գենցեհան Բաբիսը:
– Պարոն Գենցեհան Բաբիս, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երկար դադարից հետո ՀՀ ԱԳ նախարարի հրավերով Հայաստանում է՝ մասնակցելու Երևանում դեկտեմբերի 12-ին կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության նիստին: Ի՞նչ կարելի է սպասել այս այցից:
– Երբ մենք դիտարկում ենք վերջին տարիների հայ-թուրքական հարաբերություններում արձանագրված զարգացումները, ապա նկատվում է միայն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման անհաջող փորձ: Շվեյցարիայում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները որևէ արդյունք չտվեցին: Մյուս կողմից էլ՝ որևէ կողմից չկա պաշտոնական հայտարարություն, թե ինչ հանգամանքներով պետք է սկսվի կարգավորման գործընթացը: Երկու կողմերն էլ տարբեր ակնկալիքներ ունեն այս այցից: Օրինակ՝ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշել էր. «Լավ կլիներ, եթե օգտագործեր հնարավորությունը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր այցելելու համար Երևանում և մեկ րոպե լռությամբ հարգեր զոհերի հիշատակը», բայց նման արտահայտությունները կտրուկ տարբերվում են Հայաստանի նկատմամբ թուրքական արտաքին քաղաքականության սկզբունքներից:
– Տարատեսակ մեկնաբանություններ են հնչում այցի նշանակության մասին. շատ փորձագետներ, այդ թվում՝ ազգությամբ թուրք, կարծում են, որ սա տապալված ֆուտբոլային դիվանագիտությունից հետո կարևոր էջ է լինելու հայ-թուրքական հարաբերոությունների կարգավորման գործընթացում, բայց տեսակետ կա նաև, որ սա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ այց է ընդամենը՝ մեղմելու հարցի նկատմամբ միջազգային հանրության արձագանքը: Ո՞րն է, ըստ Ձեզ, արժանահավատ:
– Առաջին հերթին պետք է նշեմ, որ նմանատիպ այց Հայաստան 2009թ. իրականացրել էր Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Ալի Բաբաջանը, այսինքն՝ սա ԱԳ թուրք նախարարի մակարդակով իրականացվելիք առաջին այցը չէ ՀՀ, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ևս այցելել է Երևան, սակայն, ինչպես հայտնի է, ֆուտբոլային դիվանագիտությունը ևս անհաջողության մատնվեց: Ներկայումս, երբ այցն իրականացված չէ, և արդյունքները գնահատված չեն, շատ վաղ է ասել, թե այս այցը դուռ կբացի՞ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթացի առաջ:
– Եվ Հայաստանում, և Թուրքիայում հայ-թուրքական սահմանի բացման հարցը դիտարկվում է որպես աշխարհաքաղաքական անհրաժեշտություն: Ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում դա հնարավո՞ր է: Ըստ Ձեզ՝ կողմերը պատրա՞ստ են առաջարկել կարգավորման՝ հեռուն գնացող օրակարգ:
– Հայ-թուրքական փակ սահմանների պատճառը Ադրբեջանի տարածքների օկուպացիան է Հայաստանի կողմից, ուստի բացման համար անհրաժեշտ է, որ առաջին հերթին Հայաստանը դուրս գա այդ տարածքներից: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ հայոց սփյուռքի ջանքերին պետք է վերջ դրվի՝ հանուն կայուն հարաբերությունների: Բայց կարճ ժամանակահատվածում՝ մինչև 2015թ., սա շատ բարդ խնդիր է թվում: Եթե այս երկու խնդիրները լուծվեն, ապա բանակցությունները կարող են շարունակվել և սահմանները բացվել:
– Թուրքական լրատվամիջոցներից մեկը գրել է, որ ՀՀ իշխանությունները թուրք իշխանությունների հետ փակ բանակցությունների արդյունքում համաձայնել են Ադրբեջանին վերադարձնել ԼՂ երկու շրջան, իսկ Թուրքիան իբր իշխանություններից պահանջել է այդ մասին պաշտոնական հայտարարություն անել: Ներկայումս գոյություն ունեն հայ–թուրքական չմիջնորդավորված՝ ուղիղ երկկողմ հարաբերություննե՞ր, թե՞ Հայաստանի հանդեպ ունեցած իր դիրքորոշումը Թուրքիան ճշտում է Ռուսաստանի և ԱՄՆ–ի հետ:
– Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ ԱՄՆ կատարած այցի ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ՌԴ կատարած այցի օրակարգում եղել է Հայաստանի հետ հարաբերությունների հարցը, ուստի այս երկու երկրների վերաբերմունքը ազդում է ներկայիս փուլում: Մյուս կարևոր երկիրը Թուրքիայի դաշնակից Ադրբեջանն է: Ինչպես հայտնի է, այս երկու երկրներն ունեն պատմական, տնտեսական ու քաղաքական ուժեղ կապեր, և Ադրբեջանը նաև ԼՂ հակամարտության կողմ է: Այսպիսով` Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը Կովկասի վերաբերյալ և Թուրքիայի հարաբերություններն այս բոլոր երկրների հետ ազդելու են բանակցային գործընթացի վրա, եթե այն սկսվի:









































