Բրյուսելում Հայաստան-Եվրամիություն 14-րդ համաժողովի ընթացքում Ընդլայնման և հարևանության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Եվրամիությունն ամրապնդում է Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունն ու մեծացնում աջակցությունը:
Այս հայտարարությունը հարցեր է առաջացնում՝ ընդհանուր առմամբ լինելով ողջունելի: Ողջունելի է, որ Եվրամիությունը ավելի մեծ ուշադրություն է դարձնելու քաղաքացիական հասարակության հետ հարաբերություններին, սակայն այստեղ ամեն ինչ չէ, որ կարելի է համարել միանշանակ:
Առաջին հերթին հետաքրքիր է, թե ինչու է Եվրամիությունը գնում այդ քայլին: Սա սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի իշխանություններից հիասթափության պատճառո՞վ է, թե՞ պարզապես անկախ ամեն ինչից՝ Եվրամիությունը գիտակցում է, որ Հայաստանում իր թիվ մեկ և ամենաարդյունավետ ու հուսալի գործընկեր կարող է լինել քաղաքացիական հասարակությունը, և այդ գործընկերությունը շատ ավելին կարող է տալ և Հայաստանին, և Եվրոպային, քան իշխանությունների հետ մի ամբողջ նախագահական ժամկետ անցկացված քաղաքական խաղերը:
Մյուս հարցը այն է, թե արդյոք Եվրամիությունը ամրապնդելով իր և քաղաքացիական հասարակության համագործակցությունը, մեծացնելով աջակցությունը այդ հասարակությանը՝ պատրա՞ստ է, ունի՞ լծակներ և կարողություն՝ աջակցելու այդ հասարակությանը հավասարապես՝ այնպես, ինչպես, օրինակ, այս օրերին աջակցություն են ստանում ուկրաինական հասարակության ներկայացուցիչները, որոնք պայքարում են իրենց երկրի եվրաինտեգրման քաղաքականության համար: Եթե Հայաստանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտնվեն իշխանական ռեպրեսիաների թիրախում, ինչպիսի՞ աջակցություն կարող է ցուցաբերել Եվրամիությունը նրանց:
Բանն այն չէ, որ քաղհասարակության ներկայացուցիչները պետք է իմանան աջակցության ծավալը, որ իմանան նաև, թե ինչ ռիսկի են գնում: Ամենևին. Հայաստանի քաղաքացիական հասարակությունը նախ ռիսկի է գնում առաջին հերթին ինքն իր պետության և իր կյանքը բարելավելու համար ու միանգամայն անշահախնդիր, այսինքն՝ առանց որևէ տեղից օգնություն ակնկալելու, սակայն եթե բանը հասնում է համագործակցությանը, գործընկերությանը, ապա գործընկերները պետք է, իհարկե, օգնեն միմյանց և հստակ իմանան, թե ով ինչ կարող է անել դժվար կացության պահերին:
Մյուս հարցն այն է, թե ո՞ւմ նկատի ունի Եվրամիությունը քաղհասարակություն ասելով: Այստեղ իրավիճակը բավական բազմազան է, և կան հարյուրավոր անուններ, որոնցից իրական, Հայաստանի ժողովրդավարացման և իրավական պետության կայացմանը նպաստող գործով զբաղված են շատ քչերը: Եվ այս տեսանկյունից՝ արդյոք Եվրամիությունը խոստովանո՞ւմ է, որ մինչ այսօր կառուցված հարաբերությունները արդյունավետ չեն եղել, որ մինչ այսօր հատկացվող օժանդակությունը, դեկլարացիաներից բացի, որևէ շոշափելի հասարակական արժեքի և երևույթի չի վերածվել, չեն նպաստել Հայաստանի հասարակության համար եվրոպական արժեքներն ավելի հասանելի և հասկանալի դարձնելուն, չեն օգնել քանդելու դեռևս խորհրդային տարիներից եկող «փչացած կամ փտող Արևմուտքի» մասին կարծրատիպերը՝ այդպիսով նաև հող նախապատրաստելով այսօրվա մանիպուլյացիաների համար, թե Եվրոպան միայն սեռական այլասերություն է և աղանդներ:
Այս հարցերը պատասխանի կարիք ունեն, որպեսզի Եվրամիության և Հայաստանի քաղհասարակության հետագա գործընկերությունը քանակականից վերածվի բովանդակայինի և այդպիսով շատ ավելի ծառայի Հայաստանի հասարակությանն ու քաղաքացիներին, ոչ թե ըստ էության ձուլվի Հայաստանում իշխող համակարգին, ինչպես մեծ մասամբ եղել է մինչ այսօր՝ առանձին բացառություններով:
Ընդ որում, Եվրամիությունը պետք է այդ հարցերի պատասխանները փորձի ստանալ հենց Հայաստանի քաղհասարակության հետ համատեղ, ինչը նաև կարող է ինդիկատոր դառնալ կամ քննություն լինել առ այն, թե ինչքանով է Եվրոպան գիտակցել այդ հարցում սեփական վրիպումները և բացթողումները:








































