«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
– Պարոն Մարուքյան, ի՞նչ հետևություններ եք արել կառավարության ծրագրի շուրջ խորհրդարանում երեկ ծավալված քաղաքական բանավեճից:
-Գիտեք՝ մենք միշտ երազել ենք ուժեղ ընդդիմություն ունենալ խորհրդարանում, հետաքրքիր իրավիճակ էր, կար ընդդիմություն՝ ի դեմս ՀՀԿ-ի, որի կողմից ծրագիրը քննարկվում և քննադատվում էր: Կային և՛ թույլ, և՛ խոր քննադատություններ, բայց մեծ հաշվով, ՀՀԿ-ի համար դժվար է լինել ընդդիմություն՝ ունենալով ամենաշատ մանդատները ԱԺ-ում: Մյուս կողմից՝ պետք է քննադատեն. հիմնական քննադատությունը թվերի մասին էր, որ ծրագրում թվեր չկան… Բայց կարևորը երկիրը վերափոխելու քաղաքական կամքն է:
–Բայց ՀՀԿ-ն կարծես հասկացել է, որ ԱԺ-ում քաղաքական մեծամասնություն պահելը բարդացնում է քաղաքական իրադրությունը՝ այդ թվում նաև իրենց մասով:
-Նրանք բոյկոտել են, երբ իշխանություն են եղել, բայց չեն բոյկոտոմ հիմա, երբ ընդդիմություն են: Հարմարվում են քաղաքական իրադրությանը և ասում են՝ մեզնից քանի՞ մարդ է պետք, քվեարկենք: Երեկ ստացանք 62 ձայն, այսինքն՝ ավելի շատ ձայն տվեցին, քան անհրաժեշտ էր:
-Այդ թիվը կոնտրոլի տա՞կ է, ի՞նչ եք կարծում:
-Կարծում եմ՝ ինչ-որ պահի վերահսկողությունից դուրս է եկել, քանի որ երեկ համապատասխան թվից շատ ձայն տվեցին՝ կառավարության ծրագրին կողմ քվեարկելով:
-Եթե ընդունում ենք, որ կառավարության ծրագիրը քաղաքական օրակարգի ծրագիր էր, ապա պե՞տք է ենթադրել, որ արտահերթ ընտրությունների իրավական ճանապարհն արդեն բաց է:
-Չէի ասի, որ կառավարության ծրագիրը նախընտրական ծրագիր է, այն ըստ էության, կարելի է ձևակերպել որպես անցումային, բայց Սահմանադրությունը նման ձևակերպում չունի, ըստ Սահմանադրության՝ չկա ժամանակավոր կառավարություն. Այս կառավարությունը մեզ պետք է նախապատրաստի արտահերթ ընտրությունների, բայց, միևնույն ժամանակ, մարտահրավերներով պիտի զբաղվի և հազար ու մի խնդիր լուծի: Ինչպես վարչապետը երեկ նշեց, բազմաթիվ հարցեր կան, որոնք օրենսդրական կարգավորում չեն պահանջում, քաղաքական կամք է պահանջվում այդ խնդիրները լուծելու համար, խոսքը վերաբերում է մոնոպոլիաներին, կոռուպցիային, կաշառք տալուն և վերցնելուն, փողով պաշտոն ստանալուն, պաշտոնները անձնական շահերին ծառայեցնելուն: Ծրագիրը մի շարք թիրախներ ուներ․առաջինը՝ կայունություն, երկրորդը՝ փոփոխություններին միտված քաղաքական հռետորաբանություն և երրորդ՝ արտահերթ ընտրություններ: Արտահերթ ընտրությունների վերաբերյալ հստակ ուղերձ կա, որ բիզնեսը պետք է տարանջատվի քաղաքականությունից: Այսինքն՝ մենք չպիտի այլևս ունենանք այնպիսի խորհրդարան, ինչպիսին այսօր է, պատգամավորներ կան, որ խոշոր գործարարներ են, այսինքն՝ երկրի ՀՆԱ-ն նստած է խորհրդարանի դահլիճում: Այդպես չի լինելու: Եվ ես համաձայն եմ, որ լինելով քաղաքական գործիչ, չպետք է զբաղվեմ բիզնեսով, և բիզնեսմենները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ:
–Այն պատգամավորները, ովքեր դուրս են գալիս ՀՀԿ-ից, երևի հենց հաստատում են, որ ընդունում են խաղի այդ կանոնը:
-Կարող ենք այդ ուղերձը նաև այդպես ընկալել, բայց ես կարծում եմ, որ նրանք վերջին մոհիկաններն են Հայաստանի խորհրդարանական պատմության, որովհետև հաջորդ խորհրդարանում չեն լինելու գործարարներ, նրանք պաշտպանված են լինելու օրենքով և կարիք չի լինելու դառնալ այդ անձեռնմխելիներիակումբի անդամ: Իմաստ չունի, թող իր գործով զբաղվի, տնտեսությունը զարգացնի, հարկերը վճարի և այլն:
-Ինձ թվում է՝ նրանք այս կանոնն ավելի հոժարությամբ կընդունեն, քան այն, որ կար մինչ այս:
-Նախորդ կանոնի համատեքստում չկար կարգավորում, չգիտեիր՝ երբ, որքան նալոգ պիտի տաս, չգիտեիր՝ երբ և ինչ հարցով կկանչեն և կասեն՝ մուծվիր: Այսինքն՝ դու չէիր կարող կանխատեսել քո գործողությունները, հետևաբար, որքան կարող էիր թաքցնում էիր, դուրս էիր հանում, որովհետև վստահ չէիր, թե ինչ կլիներ քեզ հետ: Նոր կանոնները, իրավունքի գերակայության վրա խարսխված, այլ բանի մասին են խոսում:
-Ո՞ւմ է տեսնում «Ելք»-ը առաջիկայում որպես գլխավոր քաղաքական մրցակից:
-Դեռևս մենք մեր հարցերն ենք քննարկում՝ հասկանալու, թե ինչպես ենք մասնակցելու ընտրությանը, բայց եթե «Ելք» դաշինքը մասնակցի ընտրություններին այնպես, ինչպես կա, բնականաբար, այլ թարմ ուժեր ներգրավելով, կարծում եմ, լուրջ մրցակիցներ չեն լինելու:
-ԲՀԿ-ն ձեռնոցը նետել է արդեն, նկատի ունեմ 50+1-ը:
-Բոլոր ուժերն էլ, ովքեր մասնակցում են ընտրություններին, կարող են այդպիսի ընտրություններ անել: Դա հայտարարություն է ամբիցիաների, ձգտումների մասին, դա նորմալ է, բայց որքանո՞վ է հնարավոր, դա արդեն քննարկման առարկա է:
-Թե որքանով է իրական, դա ցույց տվեց երեկվա ՀՀԿ-ԲՀԿ բանավեճը:
-ՀՀԿ-ԲՀԿ բանավեճը այլ տիրույթում է, նրանք միասին են եղել շատ դեպքերում և մեկը մյուսին հիշեցնելու բաներ ունեն: Դա իրենց կռիվն է, մեր կռիվը չէ: Ինչ խոսվում էր, նախկին պրոցեսների մասին էր խոսվում և տղայական մեթոդաբանությամբ: Այսպիսի խորհրդարան այլևս չպետք է ունենանք:
–Քիչ առաջ նշեցիք, որ կառավարության ծրագրի դրույթներից է՝ բիզնեսը պետք է տարանջատել քաղաքականությունից: Այն կառավարության, որի մեջ մտնում է ԲՀԿ-ն, և ԲՀԿ-ն չի կարող թաքցնել այդ տարանջատումը:
-ԲՀԿ-ն եղել է հին խաղի կանոնների մեջ, հիմա նոր խաղի կանոններ են, դրանց համաձայն՝ պետք է ունենանք ընտրություններ: Եվ այդ ընտրությունները պետք է ռուբիկոնը լինեն այն հայտարարությունների և խաղի այն նոր կանոնների, որ հիմա հաստատվում են: Բիզնեսը, այո, գործնականում պետք է տարանջատվի քաղաքականությունից:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:









































