Հայաստանյան դատական համակարգում առկա կոռուպցիոն երևույթների և կիրառվող երկակի ստանդարտների մասին ՄԻՊ երեկվա զեկույցը չպետք է ընկալել որպես հաղորդում հանցագործության մասին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Արտակ Զեյնալյանը:
«Սա նորմալ իրավապաշտպանական զեկույց է: Իրավապաշտպանական զեկույցները հենց այսպիսին են լինում: Կոնկրետ այս դեպքում զրուցել են նախկին դատավորների և փաստաբանների հետ, ինչից հետո գրառումները ներառվել են զեկույցի մեջ:
Ընդհանուր առմամբ, այս զեկույցը դատական համակարգի հանդեպ մարդկանց վերաբերմունքի արտացոլումն է: Եթե շարքային քաղաքացիներին հարցնես՝ ում, երբ և որքան կաշառք է տվել, մանրամասները չեն հայտնի: Այդ է պատճառը, որ կիրառվել է տեղեկատվության հավաքման ընդունված այս տարբերակը»,- ասաց Արտակ Զեյնալյանը:
Փաստաբանի խոսքով՝ անհերքելի փաստ է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանում և Արդարադատության խորհրդում գործում են երկակի ստանդարտներ: «Մեկ անգամ չէ, որ այս փաստի վերաբերյալ զեկույցներ են պատրաստվել, կաշառքների չափերի մասին ցրված տեղեկություններ են հրապարակվել, սակայն դրանց մեկտեղումը մեկ զեկույցում իսկական իրադարձություն է, որին պետք է շատ լուրջ վերաբերվել»,- նշեց Արտակ Զեյնալյանը:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը արդար դատաքննության իրավունքների վերաբերյալ իր արտահերթ զեկույցում անդրադարձել է համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմներին, նաև նշել դատական կաշառքի սակագները:
Ըստ զեկույցի՝ առաջին ատյանում կաշառքների չափը մոտ է 500-10.000 դոլարի, Վերաքննիչ դատարանում՝ 2000-15.000 դոլարի, իսկ ահա Վճռաբեկ դատարանում՝ 10.000-50.000 դոլարի:
Զեկույցում պաշտպանն անդրադարձել է նաև դատավորների ճնշումներին, Արդարադատության խորհրդում և Վճռաբեկ դատարանում արձանագրված խախտումներին և երկակի ստանդարտներին, ինչպես նաև դատական համակարգի օրենսդրական խնդիրներին:
Զեկույցի մշակման նպատակով, ըստ ՄԻՊ գրասենյակի, հարցազրույցներ են անցկացվել ոլորտի շուրջ 120 մասնագետների, փաստաբանների, դատախազների, իրավաբանների, գիտնականների շրջանում: Պաշտպանը երաշխավորել է աղբյուրների գաղտնիությունը:









































