Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ սկսվում է Ռազմիկ Խաչատրյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ 30-ամյա Ռազմիկ Խաչատրյանը 2013 թվականի մայիսի 22-ին, գիշերվա ժամը 3-ի սահմաններում ալկոհոլ օգտագործած վիճակում ինքնատիպ կերպով է զվարճացել Արմավիր քաղաքի «Ցեզար» գիշերային ակումբում:
Նրա «զվարճանքը» արտահայտվել է հետևյալ կերպ. պարասրահում Ռազմիկը քաշքշել է պարահարթակին պարող պարուհիների հագուստներից, չի ենթարկվել անվտանգության աշխատակիցների ու ակումբի տնօրենի պահանջներին, վիճաբանության մեջ է մտել ու ակումբի աշխատողների հասցեին տվել հայհոյանքներ, խանգարել է ակումբի աշխատանքն ու այցելուների ժամանցը:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Ռազմիկն այդքանով չի բավարարվել: Նա կծել է ակումբի տնօրենի վիզը՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ, գլխով հարվածել է անվտանգության աշխատակցի ծնոտին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
«Ցեզարում» կեսարյան ռազմատենչություն դրսևորած Ռազմիկի խուլիգանական գործողությունները զուգորդվել են նաև ակումբի գույքը ոչնչացնելով կամ վնասելով. նա կոտրել է սրահում դրված մոխրամանը, ձեռքի հարվածով վնասել միջանցքի պատի երեսպատվածքը, «ջոկողություն անելով»՝ ապակե մոխրամանով փորձել է հարվածել տնօրենին, իսկ մետաղե մոխրամանով՝ անվտանգության աշխատողին: Նախաքննական մարմինը ինչպես ապակե, այնպես էլ մետաղե մոխարամանները դիտարկել է «որպես զենք օգտագործվող առարկաներ», այսինքն՝ Ռազմիկի կատարած խուլիգանությունը որակվել է որպես զենք օգտագործված առարկաների գործադրմա՛մբ կատարված խուլիգանություն, որը մեղսագրված խուլիգանության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի ավելի ծանր՝ 4-րդ մասն է:
Ռազմիկ Խաչատրյանին ևս մեկ հանցավոր արարք է մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ խուլիգանության գործի նախաքննության ժամանակ, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկություններն ակնհայտ կեղծ են, Ռազմիկ Խաչատրյանը կատարել է նաև սուտ մատնություն:
Որպես մեղադրյալ տված ցուցմունքի մեջ նա նշել է, թե դեպքի օրը «Ցեզար» գիշերային ակումբում է եղել և այնտեղ իրեն ծեծի է ենթարկել Արմավիրի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Գ. Գևորգյանը: Հանցագործության մասին այս հաղորդումը քննության ընթացքում չի հաստատվել:
Ռազմիկ Խաչատրյանի խափանման միջոցը կալանավորումն է:









































