Հեղափոխությունը տեղափոխվում է մարզեր: Այսօր մի շարք մարզերում ազատվել են նախկին մարզպետները և այսօր նշանակվել են նոր մարզպետներ: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Կոտայքի մարզի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյան և Արարատի մարզի նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով Նոր կյանք համայնքի ղեկավարն էր, ի թիվս մի շարք հարցերի, անդրադարձան հարցին, թե ինչ նորություններ պետք է ակնկալեն բնակիչներն իրենցից:
Արարատի մարզպետը նշեց, որ իրենց վստահվել է ծանր պարտականություն, և իրենք «նոր հեծանիվ չեն հորինելու», զբաղվելու են այն աշխատանքով, ինչով պետք է զբաղված լինեին նախորդ մարզպետները: Նա հավելեց, որ գյուղատնտեսության ոլորտի խնդիրները, այդ թվում նաև ոռոգումը, մթերումը, արտահանումը, հակակարկտային կայանների ժամանակին գործարկումը, ինչպես նաև կրթության ու առողջապահության, սպրոտի ոլորտներում խնդիրներն առաջնային են, որոնք մեկ օրվա լուծելիք խնդիրներ չեն, մարդիկ պետք է ըմբռնումով մոտենան:
Անդրադառնալով դիտարկմանը, որ այժմ որևէ խոչընդոտ չկա խնդիրներին հետևողականորեն անդրադառնալու և տեղից իրավիճակը շարժելու, Կոտայքի մարզպետը նշեց, որ խնդիրները բազմաշերտ են, դրանց մի մասը օպերատիվ լուծումներ են պահանջում, մյուսները՝ խորքային, որի համար ժամանակ կպահանջվի: Նրա խոսքով՝ կադրային քաղաքականությունից ու տեխնոկրատ մարդկանց նշանակումներից հետո այս պահին աշխատանքը ինստիտուցիոնալ աշխատանքն է լինելու:
«Իմ քաղաքական գործունեության առանցքը լինելու է բնակչի վերափոխումը ՀՀ քաղաքացու: Եթե մենք ունենանք իրավագիտակից քաղաքացի, ապա կյանքի որակի ամենագլոբալ փոփոխությունն իսկ հնարավոր է իրականացնել»,- ընդգծեց Ռոմանոս Պետրոսյանը:
Մարզպետների խոսքով՝ Արարատի և Կոտայքի օլիգարխիան բախվելու է օրենքին:
Անդրադառնալով դիտարկմանը, որ նախորդ կառավարությունը ձեռնամուխ էր եղել համայնքների խոշորացման գործընթացին, ինչը դժգոհության առիթ էր, մարզպետները նշեցին, որ գյուղեր կան, որ ազգակցական թշնամություն ունեն, և կարծիք հայտնեցին, որ համայնքների խոշորացումը պետք է լինի տեղական հանրաքվեի միջոցով:
Մանրամասն՝ տեսանյութում:









































