«Ժառանգություն» կուսակցությունը գոհունակությամբ հետևում է թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում գործադիր իշխանության ղեկը ստանձնած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության և նրա հետ համագործակցաբար կառավարություն ձևավորած խորհրդարանական չորս կուսակցությունների գործունեությանը՝ ուղղված Հայաստանում օրինականության հաստատմանը և երկիրը արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելուն:
Մենք գտնում ենք, որ վերջապես Հայաստանում հնարավորություն է ստեղծվել ձևավորել օրինական իշխանություն՝ մրցակցային հենքով, գաղափարների և սկզբունքների համադրման և քաղաքական բանավեճի արդյունքում:
Միևնույն ժամանակ, մեզ համար տեսանելի են այն վտանգները և մարտահրավերները, որոնք դեռ կանգնած են երկրի առջև՝ անցումային այս շրջանում, երբ ժողովրդավարության վերջնական և անշրջելի հաստատումը դեռևս տեղի չի ունեցել, իսկ քրեաօլիգարխիկ համակարգը և ի թիվս այլոց՝ այն ներկայացնող ՀՀԿ միջուկը դեռ պարունակում է իր մեջ սաբոտաժի իրականացման ներուժ: Դա են ցույց տալիս գնաճի և աշխատատեղեր փակելու սպառնալիքները, որոնց դեմ են առնում իրավապահ մարմինների գործողությունները՝ ուղղված ստվերային տնտեսությունը հարկային դաշտ բերելուն մի կողմից և քրեական տարրերի կալանավորումներից հետո՝ նրանց աջակիցների կողմից կազմակերպվող բեմականացված դիմադրությունը մյուս կողմից:
Այս հարաճուն սպառնալիքներին արդյունավետ դիմակայությունը պահանջում է քաղաքական դաշտի համախմբում՝ արտախորհրդարանական ուժերի և քաղաքացիական հասարակության ներգրավմամբ թե՛ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները և թե նոր ձևավորվելիք խորհրդարանում:
Լինելով կանգնած ապօրինի իշխանությունների դեմ երկարամյա պայքարի ակունքներում և վերահաստատելով իր հավատարմությունը համաժողովրդական շարժմանը և դրա արդյունքում իրականացված թավշյա հեղափոխությանը, մենք միևնույն ժամանակ կանգնած ենք կարևոր որոշման ընդունման նախաշեմին: Որպես Հայաստանի բարենորոգման և զարգացման իր ուրույն տեսլականը ունեցող քաղաքական ուժի, մեր հետագա քայլերը որոշակիացնելու նպատակով մեզ անհրաժեշտ է վերահաստատել մեր մոտեցումների և սկզբունքների ըստ էության համընկնումը իշխանության ղեկը ստանձնած ուժի պատկերացումների հետ, ինչից էլ կբխի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում հնարավոր համագործակցության ձևաչափը:
Վստահ ենք, որ նույն որոշման անհրաժեշտության առջև են կանգնած նաև մյուս արտախորհրդարանական ուժերը: Կոչ ենք անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անցկացնել համապատասխան խորհրդակցություններ արտախորհրդարանական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Որպես առաջին քայլ՝ պարոն Փաշինյանին հրավիրում ենք հանդիպման «Ժառանգության» վարչության հետ՝ այս հարցը քննարկելու և հնարավոր համագործակցության եզրերը նախանշելու նպատակով:
«Ժառանգություն» կուսակցություն
01 հունիսի 2018թ. , Երևան









































