Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը ստորագրել է Իրանի հետ համագործակցության համաձայնագիր: Այս մասին հաղորդում է Fox News-ը: Միաժամանակ՝ Քարզայը, ինչպես նախկինում, հրաժարվում է ստորագրել անվտանգության ապահովման աֆղանա-ամերիկյան համաձայնագիրը, ինչը պնդում է ամերիկյան կողմը:
Իրանի և Աֆղանստանի միջև բարեկամության ու համագործակցության պայմանագիրը ստորագրվել է 2013-ի դեկտեմբերի 8-ին՝ Թեհրանում, նախագահներ Համիդ Քարզայի և Հասան Ռուհանիի կողմից: Ինչպես հայտարարել է Քարզայի մամլո քարտուղար Այմալ Ֆայզին՝ պայմանագրի նպատակն է «երկու երկրների երկարաժամկետ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, անվտանգության և մշակույթի ոլորտներում, ինչպես նաև խաղաղությունը և տարածաշրջանային կայունությունը»:
Իր հերթին Ռուհանին հայտարարել է, որ իր երկիրը դեմ է Աֆղանստանում օտարերկրյա զորքերի ներկայությանը, քանի որ դա լարվածություն է առաջացնում տարածաշրջանի բոլոր երկրներում:









































