Շատերը նկատում են, որ ծխելն ազդում է մարզումների վրա։ Ինչու՞ է դա տեղի ունենում։ Այս հարցին պատասխանել է գիտնականների միջազգային խումբը։
Տվյալ բնագավառում հետազոտություններն անցկացրել են Կալիֆորնիայի համալսարանի, Քոթիի համալսարանի և Ռիո–դը–Ժանեյրոյի դաշնային համալսարանի գիտնականները։ Նրանք պարզել են, որ ծխելուց լրջորեն տուժում են մարդու մկանները։
Փորձերը իրականացվել են լաբորատոր մկների վրա։ Նրանց ութ շաբաթվա ընթացքում ծխախոտի ծխի ազդեցության են ենթարկել։ Արդյունքում մկների ոտքերի մկաններում նվազել է մանր արյունատար անոթների քանակությունը։ Նրանք, ինչպես պարզվել է, բավարար թթվածին և սննդային նյութեր չեն ստացել։
Գիտնականները սակայն դեռ չեն կարողանում պարզել, թե ծխախոտում եղած չորս հազար վնասակար նյութերից հատկապես որոնք են ազդում մկանների առողջության վրա։ Հետազոտությունները գիտնականները մտադիր են շարունակել։









































