Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցյալ շաբաթ լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր պատկերացմամբ՝ արտահերթ ընտրությունը պետք է անցկացնել աշնանը: Նա միաժամանակ ասել է, որ հարցն այդուամենայնիվ պետք է համաձայնեցնել մնացած քաղաքական ուժերի հետ: Խոսքը բնականաբար առաջին հերթին խորհրդարանում ընդգրկված ուժերի մասին է, որոնք պետք է քվեարկեն ընտրական ռեֆորմի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններին: Ըստ այդմ, ժամկետը նույնպես պետք է համաձայնեցնել նրանց հետ:
Մյուս կողմից՝ ժամկետի հարցում մյուս ուժերն ունեն Նիկոլ Փաշինյանից տրամագծորեն տարբեր մոտիվացիա: Եթե Փաշինյանին անհրաժեշտ է արտահերթ ընտրությունն անցկացնել հնարավորինս արագ, ապա մյուս ուժերին շտապելն անհրաժեշտ չէ՝ թե՛ Ծառուկյանին, թե՛ ՀՅԴ-ին, թե՛ առավել ևս ՀՀԿ-ին: Բանն այն է, որ նրանց նախ՝ ժամանակ է պետք զուտ իրենց բաժնի նախապատրաստության համար, և գլխավորը՝ նրանք ժամանակին կապավինեն Նիկոլ Փաշինյանի վարկանիշի նվազման ակնկալիքով կամ հույսով: Այդ վարկանիշը կնվազի երևի թե աներկբայորեն, բայց խնդիրը այստեղ այն է, թե ինչքան:
Ներկայումս Փաշինյանի վարկանիշը շատ բարձր է, ըստ սոցհարցումների՝ մոտ 80 տոկոս: Եվ դա թերևս բավականին ամուր և, այսպես ասած, բովանդակալից 80 տոկոս է, քան, օրինակ, 2017 թվականի ապրիլին ՀՀԿ վարչապետ Կարեն Կարապետյանի 86 տոկոսը: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի նվազումը պետք է տեղի ունենա առնվազն երկու բաղադրիչով՝ բովանդակության և զուտ թվաբանության կամ տոկոսային առումով: Հետևաբար սա բավականին ամուր վարկանիշ է և, այսպես ասած, հեշտ նվազողներից չէ: Բայց հենց այդ պատճառով էլ քաղաքական մյուս ուժերը, որոնք միանգամայն բնական, օբյեկտիվ, հասկանալի պատճառներով արդեն իսկ դիտարկվում են նրան մրցակից, և իրենք էլ դիտարկում են իրավիճակը այդ տեսանկյունից, չեն շտապի արտահերթ ընտրության ժամկետի հարցում: Համենայնդեպս, առայժմ չկա մոտիվացիա կամ պատճառ, որը նրանց կշտապեցնի:Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:
«Անկախությունը բացարձակ արժեք է, մեր երկիրը պետք է լինի ոչ միայն անկախ, այլ նաև ազատ, 88-ի շարժումը այդ ազատության հիմքերը դրեց, իսկ այն շարժումը, որ այս օրերին տեղի ունեցավ, ժողովրդավարական Հայաստանի հիմքերն է դնում»,- ընդգծեց Ա. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ առաջիկայում անելիք շատ կա:
Նրա դիտարկմամբ՝ խորհրդարանը լեգիտիմ չէ, չի համապատասխանում մեր քաղաքացիների պահանջներին և անհրաժեշտություն կա, որ օր առաջ արտահերթ ընտրություններ անցկացվեն. «Դա հեղափոխության հաղթանակի ֆիքսումը կլինի»:
Ա. Մարտիրոսյանի խոսքով՝ հասկանալի է, որ արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը կստանա հասարակական ավելի մեծ աջակցություն, քան մյուս քաղաքական ուժերը, բայց չպետք է սպասել երկար ժամանակ, թե երբ Փաշինյանի վարկանիշը կընկնի. «Պետք է արտահերթ ընտրություններ անցկացնել, և դա հեղափոխության հաղթանակի ֆիքսումը կլինի»: Ա. Մարտիրոսյանի կանխատեսմամբ՝ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն կարող են դառնալ ինստիտուցիոնալ ընդդիմություն:
Մանրամասն՝ տեսանյութում:











































