Կառավարությունը պատրաստ է քննարկել անհրաժեշտ միջոցներ տրամադրելու հարցը այն ցուցարար քաղաքացիների համար, ովքեր չեն կարող Կիևից հեռանալ գումարի բացակայության պատճառով: Այս մասին հաղորդում է Korrespondent.net կայքը՝ վկայակոչելով Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովին:
«Ես, իհարկե, կցանկանայի դիմել փողոցային ակցիայի մեր մասնակիցներին. ես ստացել եմ տվյալներ, որ մարդիկ չեն կարող տուն գնալ: Օրինակ՝ նրանց Կիև են բերել, սակայն տուն վերադառնալու գումար նրանք չունեն: Մենք պատրաստ ենք որոշակի միջոցներ տրամադրել և օգնել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են տուն վերադառնալ, իրենց ընտանիքների մոտ, եթե նրանք որևէ տեղ աշխատում են՝ իրենց աշխատանքին, իսկ եթե որևէ տեղ սովորում են՝ իրենց ուսմանը: Կառավարությունը պատրաստ է քննարկել այդ հարցերը և անհրաժեշտ միջոցներ տրամադրել»,- ասել է Ազարովը:







































