«Դեպի վաղը կայանալիք թագավորական հարսանիք տանող ճանապարհը հեշտ չի եղել: Մեգան Մարքլի մեծ ընտանիքի շատ անդամներ պատահաբար կամ գիտակցաբար անհարմար վիճակի մեջ են դրել հարսնացուին: Նրա խորթ եղբայրը բաց նամակ է գրել արքայազն Հարիին՝ կոչ անելով հեռանալ Մեգանից: Այդ խորթ եղբոր նախկին կինը և երեխաները վերջերս ժամանել են Լոնդոն՝ կանեփի նոր տեսակ գովազդելու նպատակով, որը կոչել են «Մարքլ Սփարքլ». նրանք մտադիր են հարսանիքի առիթով վաճառքի հանել այդ նոր թմրանյութը: Մեգանի խորթ քույրը շարունակաբար քննադատում է նրան: Եվ զարմանալի չէ, որ նրա քույրերից և եղբայրներից ոչ մեկը հարսանիքի հրավեր չի ստացել»,- գրում է բրիտանական The Times-ը:

Մեգանի հայրը հրավիրվել է հարսանիքին, սակայն արդեն հայտնի է, որ նա ներկա չի գտնվի վաղը Վինձորում, քանի որ առողջական խնդիրներ ունի և չի կարող Մեքսիկայից մեկնել Անգլիա:
Կարծիքներից մեկի համաձայն՝ հարսանիքին նախորդող նման դրամատիկ իրավիճակը ժամանակակից կյանքի դրսևորումներից մեկն է: Միշտ չէ, որ նրանք, ովքեր կարծում են, որ պետք է իրենց հրավիրեն, կարող են հրավիրված լինել:
Բացի դրանից, գրում է լրատվամիջոցը, եթե Մեգանը չի կամեցել, որ իր ոչ ադեկվատ ազգակիցները ներկա գտնվեն իր հարսանիքին, դա նրա ընտրությունն է:









































