Եվրամիությունը հրաժարվել է նոր բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ Ասոցացման և ազատ առևտրի գոտու համաձայնագրի տեքստի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին դեկտեմբերի 3-ին երեկոյան հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
ԵՄ-ը հայտարարել է համաձայնագրի կատարման հարցերը քննարկելու, ինչպես նաև Ուկրաինայի համար դրա շահերը մեկնաբանելու պատրաստակամության մասին, սակայն հրաժարվել է վերանայել փաստաթղթի տեքստը:
Եվրոպացի դիվանագետները չեն հաստատել տեղեկատվությունն այն մասին, որ Ուկրաինայի պատվիրակությունը պատրաստվում է մեկնել Բրյուսել:
Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել էր, որ իր երկրի պատվիրակությունը դեկտեմբերի 4-ին մեկնելու է Բրյուսել և շարունակելու է բանակցությունները, որոնք Ուկրաինային հնարավորություն կտան ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը երկրի համար շահավետ պայմաններով:











































