Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն ակնկալում էր, թե Հայաստանում կգտնվի հազարից ավելի մարդ, ով ոտքի կելնի՝ բողոքելու Սերժ Սարգսյանի խայտառակ քաղաքականության, Հայաստանի թավշե օկուպացիայի, Ռուսաստանին և Մաքսային միությանը Հայաստանի բռնակցման դեմ. «Կորչի այս տեսակ իշխանությունը, որը ժողովրդից չէ»:
Մեր այն հարցին, թե որևէ կառույց մտնելու դեպքում ինքը նախապատվությունը որի՞ն կտար, Լևոն Բարսեղյանը պատասխանեց, որ ինքը ինքնիշխան Հայաստանի կողմնակից է, սակայն որևէ կառույց մտնել-չմտնելը պիտի լինի օրինավոր կերպով ընտրված իշխանության հետ և ժողովրդի կամքով: Այս երկու կարևոր սկզբունքներն են, որ այսօր խախտված են Հայաստանում:
Մեր այն դիտարկմանը, թե ակտիվիստներն իրենց հետ բերել են նաև Ուկրաինայի դրոշները, որտեղ մարդիկ փողոց են դուրս եկել և պայքարում են Մաքսային միություն մտնելու դեմ, նա պատասխանեց, որ մարդիկ ոգեշնչված են Ուկրաինայի օրինակով, և այդ կերպ ցանկանում են ցույց տալ, որ միացյալ ընդդիմությունը կարող է հասնել փոփոխությունների:









































