Իսրայելում օտարերկրացի լրագրողների ասոցացիան մեղադրել է իսրայելական բանակին ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ հարձակումների համար: Այս մասին ասվում է կազմակերպության կայքում հայտնված հայտարարության մեջ: Կազմակերպության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ՝ պաղեստինյան Կալանդիա գյուղում, երբ լրագրողները նկարահանելիս են եղել բախումները տեղի արմատական երիտասարդության և իսրայելցի զինվորների միջև:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, իսրայելցի զինվորները լրագրողների ուղղությամբ լուսաձայնային նռնակներ են նետել: Ինչպես պատմել է France-Presse-ի լուսանկարիչ Մարկո Լոնգարին, լրագրողները 20 մետր են հեռու եղել պաղեստինցիներից, ովքեր քարեր են նետել իսրայելցիների ուղղությամբ: Նրա խոսքով՝ զինծառայողները սկսել են, ի պատասխան, ռետինե փամփուշտեր արձակել առանց նախազգուշացման:
Կազմակերպության տվյալներով՝ նույն իրադարձությունների ժամանակ իսրայելցի զինծառայողները կրակել են նաև իտալացի լուսանկարչի: Ռետինե փամփուշտը հայտնվել է նրա ֆոտոխցիկի մեջ: Մարկո Լոնգարին հաստատել է տեղեկությունը, որ զինվորականները կրակել են ոչ թե ոտքերին, ինչպես սովորաբար, այլ աչքերի մակարդակով:
Ընդ որում՝ լրագրողների հագին եղել են բաճկոններ՝ նշումներով, որ իրենք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ են: Երբ սկսվել են բախումները, նրանք ձեռքերը վեր են բարձրացրել՝ ի նշան այն բանի, որ սպառալիք չեն ներկայացնում:
Հաշվի առնելով այն փաստը, որ լրագրողների վրա կրակ է բացվել, կազմակերպությունում չեն կասկածում, որ զինվորականների թիրախում հենց ԶԼՄ-ների աշխատակիցներն են եղել:
Իսրայելական բանակը, ի պատասխան, ասել է, որ զինվորները գործել են իրավիճակին համապատասխան՝ նշելով, որ պաղեստինցիները հարձակվել են իրենց վրա, իսկ լրագրողները պարզապես գտնվել են դեպքի վայրից վտանգավոր հեռավորության վրա:
Վերջին երկու տարիներին կազմակերպությունը պահանջել է բանակից՝ հետաքննել մոտ 10 նման միջադեպեր: Հետաքննություն է անցկացվել միայն երկու դեպքում, սակայն գործը դատարան չի հասել:
Իսրայելում օտարերկրացի լրագրողների ասոցացիան, որը տեղկայված է Թել Ավիվում, հիմնվել է 1957 թվականին: Նրանում ներառված են աշխարհի 32 երկրների ԶԼՄ-ների մոտ 480 ներկայացուցիչներ: Կազմակերպության հիմնական նպատակն է մերձավորևելյան հակամարտության լուսաբանումը և այդ տարածաշրջանում լրագրողների աշխատանքի պայմանների հեշտացումը:










































