Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել Անգլիայի Պրեմիեր Լիգայի ներկայիս վիճակի մասին: Պորտուգալացի մասնագետի կարծիքով` ընթացիկ մրցաշրջանում տիտղոսի համար պայքարելու են նվազագույնը վեց թիմեր:
«Այժմ Անգլիայի առաջնությունը էապես տարբերվում է, թիմերն այլ են: Նախկինում տիտղոսի համար, ըստ էության, երեք թիմեր էին պայքարում, իսկ ներկայումս նվազագույնը` վեց: Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ տեղի կունենա: Հնարավոր է, մեկ-երկու միավորները որոշիչ դառնան: Միայն մի բան հաստատ գիտեմ` հետաքրքիր է լինելու:
Եվրոպական ցանկացած երկիր կերազի նման լիգայի մասին: Անգլիայի Պրեմիեր Լիգան ֆանտաստիկ է: Ընթացիկ մրցաշրջանում տիտղոս նվաճելն ավելի տպավորիչ նվաճում կլինի, քան 2005 թվականին: Պատմությունը թողնում է իր հետքը: Նշանակալի իրադարձություն կլինի, եթե «Չելսի»-ն ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի չեմպիոն դառնա»,- Bild-ը մեջբերում է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի խոսքերը:




































