Չեխ օդաչու Ալեշ Սվոբոդան 2027 թվականին պետք է թռչի Միջազգային տիեզերակայան. այս մասին հայտնել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Եթե բոլոր նախապատրաստական գործընթացները հաջողությամբ ավարտվեն, ապա Ալեշ Սվոբոդան 2027 թվականին պետք է դառնա առաջին բացառապես չեխ տիեզերագնացը պատմության մեջ», — ասել է Բաբիշը:
Ակնկալվում է, որ չեխ տիեզերագնացի մասնակցությամբ առաքելությունը կկայանա 2027 թվականի երկրորդ կեսին։ Վարչապետի խոսքով՝ այն հնարավոր է դարձել Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) և ամերիկյան Vast ընկերության միջև ստորագրված համաձայնագրից հետո, որը կազմակերպում է ՄՏԿ թռիչքները։
Նախնական տվյալներով՝ Սվոբոդան կմասնակցի SpaceX-ի Dragon տիեզերանավով թռիչքին, որն ուղեծիր կհանվի Falcon 9 հրթիռով։ Էկիպաժը բաղկացած կլինի չորս տիեզերագնացից, որոնց թվում արդեն հաստատված է նաև ֆրանսիացի տիեզերագնաց Թոմա Պեսկեն, ով կլինի թիմի հրամանատարը։









































