Կլիմայական փոփոխությունների ազդեցությունն արդեն ակնհայտ է նույնիսկ Կովկասի ամենաբարձր գագաթին։ Գիտնականների տվյալներով՝ վերջին 50 տարվա ընթացքում Էլբրուս լեռան սառցադաշտերը նահանջել են գրեթե 300 մետր։ 2022-2025 թվականներին իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ազաու, Փոքր Ազաու և Գարաբաշի սառցադաշտերի սահմանները զգալիորեն հետ են քաշվել։ Մասնագետների կարծիքով՝ հիմնական պատճառը տարածաշրջանային տաքացումն է։
Գիտնականները հաշվարկել են, որ վերջին կես դարում բարձրլեռնային գոտիներում տաք սեզոնի միջին ջերմաստիճանը բարձրացել է մոտ 0,9 աստիճանով։ Միաժամանակ ավելացել է նաև տեղումների քանակը, սակայն դա չի կարողացել կանխել սառույցների արագ հալոցքը։ Սառցադաշտերի կրճատումը միայն բնապահպանական խնդիր չէ. այն մեծացնում է գետերի հոսքը, բարձրացնում ջրհեղեղների, սելավների ու սողանքների վտանգը, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել բնակավայրերին և ենթակառուցվածքներին։








































