Հայաստանը նախկինում էլ ասել է, որ պատրաստ է համագործակցել իր եվրոպացի գործընկերների հետ՝ այն ձևաչափով, այնքանով, որքանով դա չի հակասի ՄՄ մեր անդամակցությանը: Նոյեմբերի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանը:
«Տպավորություն է, որ մենք մի ամբողջ տարի սպասել ենք Վիլնյուսին: Վիլնյուսը ո՛չ մայրամուտն է, ոչ էլ արևածագը: Մենք երեքուկես տարի աշխատել ենք (եվրոպական կողմի հետ), և բավական արդյունավետ: Հիասթափություն իսկապես կարող է լինել եվրոպացիների մեջ, բայց ոչ այնքան Հայաստանի մասով. այն իսկապես կապված էր Ուկրաինայի հետ, այս ողջ գործընթացի հետ»,- ասաց նա:
Հարցին՝ Արևելյան գործընկերության տապալման մեջ չկա՞ Հայաստանի մեղքի բաժինը, Սահակյանը պատասխանեց՝ մենք չենք կատարել հանցագործություն, որի համար պետք է մեղադրվենք, համաներվենք: Նա նշեց, որ Հայաստանը «և, և»-ի կողմնակիցն է եղել, առողջ համագործակցության, ոչ թե համադրելիության: Ուկրաինան իր երկրի շահը՝ առարկայական, շոշափելի, տեսնելով, գիտակցելով, գնաց այս քայլին, նրա դեպքում, սակայն, իրավիճակը, պահանջը և գործողությունները լրիվ այլ էին: Ըստ պատգամավորի՝ երբ տարբեր հանդիպումներում Ուկրաինայի նախագահը, վարչապետը և այլն, ներկայացրին իրավիճակը, պարզ էր, որ որևէ փաստաթուղթ չէր ստորագրվելու: «Ուկրաինան գնում էր ստորագրման, ոչ թե նախաստորագրման: Այս խոսակցությունները և այն ամենը, ինչ կար, մենք պայմանականորեն պատկերացնում ենք հետևյալ ձևով, որ պետք է լինի մեկ հայտարարություն: Ես կարծում եմ՝ եթե մինչև երեկո շարունակվի, ինչ-որ հայտարարություն, այնուամենայնիվ, կարվի, եթե ոչ՝ դա թողնենք հետագային: Դա իմ անձնական կարծիքն է: Կարծում եմ, սակայն, որ Արևելյան գործընկերության մասով այնուամենայնիվ որևէ հայտարարություն կարվի»,- ասաց նա:









































