Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ: Այս մասին հայտնում է TRT հեռուստառադիոընկերության կայքը:
Դավութօղլուին զանգահարած Էշթոնը կիսվել է անցած շաբաթվա վերջին Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին տեղեկությամբ: ԵՄ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ներդրման և հենց սկզբից այդ գործընթացում ցուցաբերած աջակցության համար:
Շնորհավորելով Էշթոնին ձեռք բերված համաձայնագրի առնչությամբ, Դավութօղլուն կողմերի ճկուն և կառուցողական մոտեցմամբ իրանական խնդրի վերջնական լուծման հույս է հայտնել: Արտգործնախարարն ընդգծել է, որ Թուրքիան միշտ պատրաստ է այդ ուղղությամբ ցանկացած ներդրման:
Տեղեկացնելով Էշթոնին Թեհրան կատարած իր այցի մասին՝ Դավութօղլուն կիսվել է իրանական իշխանությունների հետ հանդիպումներից ստացած իր դրական տպավորություններով:
Դավութօղլուն և Էշթոնը եկել են որոշման, որ Բրյուսելում հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների նիստի շրջանակում կայանալիք հանդիպմանն իրենք ավելի մանրամասն կքննարկեն հարցերը, որոնք գլխավոր տեղ են զբաղեցնում Թուրքիայի և ԵՄ-ի օրակարգում:









































