«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ քննադատություններն ու բողոքները կստիպեն կառավարությանը քանդել արխիվները։
Փոխանակ այս բողոքներին ու դժգոհություններին ընթացք տալու, որոշել են աղմկող ԲՀԿ-ի «դեմը դնել» իրենց արխիվային համաձայնությունները նույն համակարգի մասին։
Հիշեցնենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2008-2012 թթ. կոալիցիայի շրջանակում ԲՀԿ ենթակայության տակ էր։ Բացի այդ, ԲՀԿ-ական պատգամավորներն Ազգային ժողովում անաղմուկ դակում էին իրենց դաշնակից ՀՀԿ-ի առաջարկները, որոնց «հետևանքներով» հիմա են սկսել մտահոգվել, երբ ընդդիմություն խաղալու ժամանակն է եկել։ Կառավարությանը մոտ կանգնած թերթի աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ-ականների նախկին դրվատանքներն այս համակարգին տարբեր ձևաչափերով կներկայացվեն հանրությանը։ Երեկ, երբ այս մասին «Հրապարակ»-ի լրագրողը հետաքրքրվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից, վերջինս ասել է, թե նման բան չկա. «Էդ էնքան ակնհայտ է, Դուք ինքներդ էլ կարող եք տեսնել, էդ ամբողջը, ես լրացուցիչ մեկնաբանության կարիք չունեմ»։









































