2013 թ. նոյեմբերի 28-29-ը Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» երրորդ գագաթնաժողովին հաշված ժամեր են մնացել: ՀՀ դիվանագիտական ատյանը դեռևս հստակություն չի մտցրել, թե ինչ կարող է սպասել Հայաստանը Վիլնյուսյան գագաթնաժողովից, որի ժամանակ ԵՄ-ն ու ԱլԳ վեց երկրներից չորսը՝ Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանն ու Հայաստանը, նախատեսում էին ստորագրել-նախաստորագրել Ասոցացման համաձայնագիր ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիր: Վերջին զարգացումների և ՌԴ-ի տարածաշրջանային հավակնությունների արդյունքում ասոցացման գործընթացից դուրս մնացին Հայաստանն ու Ուկրաինան, սակայն այս երկրների հետ հետագա համագործակցության ձևաչափը դեռևս հայտնի չէ:
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչ կարող են սպասել ԱլԳ չորս երկրները Վիլնյուսում: Բնականաբար նա նշեց, որ վաղը մեկնարկելիք գագաթնաժողովի օրակարգում է Վրաստանի և Մոլդովայի հետ ԱՀ/ԽՀԱԱԳ պայմանագրի նախաստորագրման արարողությունը և ԱլԳ երկրների ընդհանուր միասնական հռչակագիրը: Ըստ նրա՝ ԵՄ-ն հստակեցնելու է ապագա համագործակցությունը Եվրոպական հարևանության քաղաքականության և «Արևելյան գործընկերության» շրջանակում:
«Ի վերջո, հնարավոր է՝ լինեն երկկողմանի մտադրությունների հռչակագրեր ԵՄ-ի և ԱլԳ որոշ երկրների միջև նրանց հավակնություններին և այն դաշտերին համաձայն, որոնցում երկու կողմերն էլ հետաքրքրված են ընդլայնված համագործակցություն ունենալ, որը հիմք կլինի ԵՄ-ի ապագա գործողությունների ծրագրի համար»,- պարզաբանեց Մայքլ Քամբեքն՝ ակնարկելով Հայաստանին ու Ուկրաինային:
Հարցին, թե ինչու սեպտեմբերի 3-ից հետո հայաստանյան հասարակությունը չընդվզեց կայացված որոշման դեմ, ինչպես Ուկրաինայում, նա պատասխանեց, որ հիմնական տարբերությունն այն է, որ Ուկրաինան 2012 թ. ԵՄ-ի հետ արդեն նախաստորագրել էր ԱՀ/ԽՀԱԱԳ պայմանագիրը, որը նշանակում է, որ այդ երկրում զարգացման այս ուղղությունը բանավեճի առարկա էր դարձել հավելյալ երկու տարի, քան Հայաստանում:
Ի հավելումն, նա նշեց, որ այս երկիրը, քանի որ արդեն պետք է ստորագրեր այդ պայմանագրերն, իրականացրել էր մեծաքանակ օրենսդրական բարեփոխումներ, ուստի առնվազն հասարակության մի մասն իր առօրյա կյանքում զգացել էր այդ բարեփոխումների ազդեցությունը: Մյուս կողմից, նրա խոսքով, քաղաքացիական ակտիվության որոշակի մակարդակն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ Ուկրաինայի եվրոպական ինտեգրացիայի հետ նույնականացվող քաղաքական ուժը քաղաքական ենթատեքստով կալանավորվել է գործող նախագահի կողմից ԵՄ-ի աչքի առջև:
«Նաև այն փաստը, որ ստեղծված իրավիճակը դարձավ ամենամեծ խոչընդոտն Ուկրաինայի ճանապարհին ԱՀ/ԽՀԱԱԳ պայմանագիրը ստորագրելու համար ավելացրեց հավելյալ բևեռացումն ուկրաինական քաղաքական լանդշաֆտում՝ հանգեցնելով քաղաքացիական ակտիվության, որի ականատեսն ենք մենք այս օրերին»,- նշեց նա: Իսկ Հայաստանի պարագայում, նրա խոսքով, անկախ աշխարհագրական դիրքից, ԱՀ-ի շուրջ բանակցությունները շարունակվեցին երեք տարի, և այն դեռևս չի նախաստորագրվել: «Հասարակությանն ավելի քիչ են ծանոթ այն իրական օգուտները, որ կլինեն: Իրազեկվածությունն ավելի ցածր է, քան Ուկրաինայի դեպքում»,- պարզաբանեց Մայքլ Քամբեքը:








































