Այսօր՝ ապրիլի 10-ին, Ազգային ժողովը սկսել է 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները:
Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու հարցը:
«Այս փաստաթղթի շահառուներն են և՛ Հայաստանը, և՛ Եվրամիությունը, այսինքն՝ այն որքան պետք է Հայաստանին, նույնքան պետք է նաև ԵՄ-ին, որպեսզի նրանք երաշխիք ունենան, որ իրենց սահմաններում ունեն ընկալելի և վստահելի գործընկեր: Ավելին՝ այս փաստաթղթի շահառուների մեջ կարող են ընդգրկվել նաև ԵՏՄ անդամ պետությունները»,- հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Նրա խոսքով՝ այնուամենայնիվ, սա մեզ համար շանս է ինստիտուցիոնալ առումով բարեփոխելու մեր իրականությունը:
Ինչ վերաբերում է փաստաթղթի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությանը, Խոսրով Հարությունյանը նկատեց. «Շատ հաճախ վերահսկողությունը շփոթում են հսկողության հետ: Խորհրդարանական վերահսկողությունը ընդամենը փաստում է, որ խորհրդարանը գործադիր իշխանության հետ միասին հավասար չափով պատասխանատու է այս փաստաթղթի իմպլեմինտացիայի համար»:
Նրա խոսքով՝ այս փաստաթղթի ի հայտ գալու ակունքում կա մեկ գործոն, այն է՝ «Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական կամքը»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































