Սիրիայի հարցով բանակցությունների մասնակիցների ցուցակը առայժմ կազմված չէ՝ հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին՝ հայտնում է Reuters-ը:
Հարցին՝ բանակցություններին կմասնակցե՞ն Իրանի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները, նա պատասխանել է. «Պատվիրակների վերջնական ցուցակն առայժմ կազմված չէ, սակայն մենք, անկասկած, դիտարկում ենք բանակցային գործընթացին երկու երկրների մասնակցության հնարավորությունը»:
Բրահիմին մտադիր է 2013-ի դեկտեմբերի 20-ին բանակցությունների հարցով հանդիպել Ռուսաստանից և ԱՄՆ-ից լիազորված պաշտոնատար անձանց: Այս կապակցությամբ նա Սիրիայի իշխանություններին և ընդդիմությանը կոչ է արել նվազեցնել հակամարտության լարվածությունը, սակայն, ինչպես ինքն է խոստովանել, կողմերը հազիվ թե կարողանան «գալ իրավիճակի իրատեսական ըմբռնման» մինչև բանակցությունների սկիզբը:
Ավելի վաղ հայտնում էին, որ Սիրիայի հարցով համաժողովը նշանակված է 2014-ի հունվարի 22-ին: Սիրիական հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ բանակցային սեղանի շուրջ պետք է նստեն Սիրիայի իշխանություններն ու ընդդիմության ներկայացուցիչները:









































