Ադրբեջանական 1news.az կայքին տված հարցազրույցում էներգետիկ գծով փորձագետ Ալեքսանդր Ռարն անդրադարձ է կատարել Nabucco նախագածին Ադրբեջանի միանալու խնդրին, որի վերջնական պատասխանը սպասվում է հոկտեմբերին.
«Տվյալ դեպքում պետք է լավ հասկանալ Թուրքմենստանի դիրքորոշումը։ Արդյո՞ք նա իր ռեսուրսներն արևմտյան շուկաներ կառաքի Ադրբեջանի միջոցով, թե՞ ոչ։ Միևնույն ժամանակ ես դեռ թերահավատորեն եմ մոտենում նախագծի կյանքի կոչմանը, քանի որ ցայժմ վճռված չէ, թե ում գազն է առաքվելու այդ խողովակաշարով։
Կրկնում եմ՝ Ադրբեջանը չի կարող հանդիսանալ Nabucco-ի միակ մատակարար երկիրը։ Ադրբեջանը պարտավորություններ է ստանձնել Ռուսաստանի ու Իրանի առջև։ Մի՞թե կան այլ մատակարար երկրներ։ Իրանի մասնակցությունը բացառվում է զուտ քաղաքական նկատառումներից։ Թուրքմենստանն իր գազային խաղն է խաղում։ Մնում է Իրաքը, սակայն դա էլ է հարց։
Այս դեպքում Nabucco-ի կառուցումը դառնում է անիմաստ։ Ես կարծում եմ, որ Nabucco-ն պետք է լիաբեռնվի կենտրոնասիական կամ կասպյան գազով։ Իրաքն այստեղ գործ չունի։ ԵՄ-ը ցանկանում է Nabucco նախագիծը կյանքի կոչել՝ ելնելով քաղաքական նկատառումներից»։
Ռարը նաև անդրադարձել է հունիսի 25-ին Կազանում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպմանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը բոլոր ջանքերը գործադրելու է հաջողություն արձանագրելու համար. «Ընտրական կամպանիայից առաջ Մեդվեդևին անհրաժեշտ են արտաքին քաղաքական հաջողություններ։ Այնպես որ կտեսնենք, թե ինչպիսի պլան առաջ կքաշի Մեդվեդևը։
Սակայն ես չեմ տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր պլան։ Անկեղծ ասած՝ ես մեծ հույսեր չունեմ այդ հանդիպումից։ Ես հետևում եմ իրավիճակին։ Ադրբեջանն ու Հայաստանն ունեն իրենց դիրքորոշումները, նրանց դժվար է հանգեցնել կոնսենսուսի։ Այն, որ բանակցությունները շարունակվում են, դա լավ է»։