Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ողջունել է Ժնևում Իրանի և «վեցյակ»-ի միջև կնքված համաձայնագիրը, սակայն նշել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները կշարունակվեն կիրառվել՝ Թեհրանի միջուկային խնդրի վերջնական կարգավորումն ապահովելու համար: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Քեմերոնը համաձայնագիրն անվանել է կարևոր առաջին քայլ, որը պահանջում է ձեռք բերված պայմանավորվածությունների լիակատար իրագործում:
«Համաձայնագիրը ցույց է տալիս, թե համառ դիվանագիտությունը և կոշտ պատժամիջոցները համատեղ ինչպես կարող են օգնել մեզ՝ հասնելու մեր ազգային շահերին»,- հայտարարել է Քեմերոնը:
«Վեցյակը» և Իրանը համաձայնության են հասել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ, ինչը կարող է նշանակել եթե ոչ՝ պատժամիջոցների չեղյալ հայտարարում, ապա գոնե դրանց մեղմացում, որը միջազգային հանրությունը սահմանել է ընդդեմ Իսլամական Հանրապետության:









































