«Քանի որ 2014 թվականի հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանի համար մի քիչ փակուղային իրավիճակ էր ստեղծվել, վերջին մեկ ամսվա ընթացքում ինֆորմացիոն օպերացիա էր իրականացվում վիճակը շտկելու համար։ Սերժ Սարգսյանը, իր հերթին, որպես օպերացիայի կողմ, իր հարցազրույցով ասաց՝ դե որ շատ եք խնդրում, ես գալիս եմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնում առաջադրվելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հարցազրույցին։
Սաֆարյանի խոսքերով՝ Սերժ Սարգսյանն ավելի վաղ չէր հայտարարում իր մտադրութունների մասին, ելնելով մարտավարական սկզբունքներից։ «Վաղօրոք հայտարարել դրա մասին, կնշանակեր՝ հնարավորություն տալ իր հակառակորդներին պայքարելու իր դեմ։ Բացի այդ, 2014-ի իր հայտարարության գործոնը կա, բայց այժմ նա ցույց է տալիս, թե ինքը նույն անձն է մնացել, էլի մտածում է, որ ցմահ պաշտոնավարումը ճիշտ չէ, բայց խնդրագիր կա, ինքն էլ համաձայնվում է՝ պայմանով, որ երիտասարդ կադրեր կաճեցնի»,- ասաց Սաֆարյանը։
Ինչ վերաբերվում է Կարեն Կարապետյանին, ապա քաղաքագետի խոսքերով՝ Կարեն Կարապետյանը կոնսենսուսային վարչապետ էր։ Սերժ Սարգսյանը նրան նշանակելիս կախված էր արտաքին աշխարհից։ «Հիմա, եթե կոնսեսնսուսի հարցում որևէ պայման չի խախտվել, ապա ոչ մի անակնկալ զարգացում սպասել հնարավոր չէ, քանի որ Կարեն Կարապետյանին առաջարկվելու է ղեկավարել ամբողջ տնտեսական բլոկը, իսկ Սերժ Սարգսյանը ֆորմալ առումով դառնում է վերահսկող։ Եվ եթե Կարեն Կարապետյանը համաձայնի մնալ կառավարությունում՝ կնշանակի, որ ոչ մի բան չի փոխվել։ Իսկ եթե չհամաձայնի, դա արդեն կնշանակի, որ լուրջ բան է փոխվել»,- ասաց Սաֆարյանը։
Անդրադառնալով ընդդիմության պայքարին, հատկապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պայքարին, ապա Սաֆարյանի խոսքերով՝ ՔՊ-ն մի քիչ ուշացել է։ «Քաղաքացիական պայմանագիրը» մեծ սխալ արեց, երբ ժամանակին հայտարարեց, թե սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակարգ են։ Սահմանադրական փոփոխությունները հենց այսօրվա առաջին քայլն էր։ Նրանք հիմա հետևանքին են բախվում։ Այժմ զուտ իրավական, սահմանադրական առումով որևէ հակափաստարկ չեն կարող նշել, թե ինչու Սերժ Սարգսյանը չի կարող լինել վարչապետ։ Իրենք ժողովրդին բացատրելու խնդիր են ունենալու, թե ինչ հիմքով են դուրս գալիս հրապարակ։ ՀՀԿ գրասենյակի մոտ նստացո՞ւյց են անելու։ Իրենց պայքարն ուշացած է։ Սա կռիվ է հետևանքների դեմ, ընդ որում՝ այն հետևանքների, որոնց ստեղծելու առումով իրենք էլ մեղքի և պատասխանատվության բաժին ունեն»,- ասաց Սաֆարյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։










































