Ուկրաինայի Գերագույն ռադան մերժել է Տիմոշենկոյի հարցով «եվրաինտեգրման» բոլոր օրինագծերը. պատգամավորներին չի հաջողվել կոնսենսուսի գալ ազատազրկման պատիժ կրող նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին բուժման նպատակով արտերկիր ուղարկելու հարցի շուրջ: Այս մասին հայտնում է zn.ua-ն:
Որոշում է կայացվել բոլոր օրինագծերը քննարկել կրճատված ընթացակարգով: Հիշեցնենք, որ խորհրդարանում գրանցված էր Տիմոշենկոյի հարցին նվիրված 6 օրինագիծ:
Նոյեմբերի 7-ին Գերագույն ռադայում կրկին չէր հաջողվել փոխզիջում ձեռք բերել Տիմոշենկոյի հարցի լուծմանն ուղղված օրինագծի ընդունման առնչությամբ՝ չնայած այն բանին, որ խորհրդակցություններին մասնակցել էին Եվրախորհրդարանի դիտորդներ Ալեքսանդր Կվասնևսկին և Փեթ Կոկսը:
Նոյեմբերի 8-ին խորհրդարանը ստեղծել էր աշխատանքային խումբ, որի կազմի մեջ մտնող պատգամավորներն ապարդյուն փորձել էին մշակել մեկ օրինագիծ, որը հնարավորություն կտար Տիմոշենկոյին արտերկիր ուղևորվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախկին վարչապետը ընդդիմությանը կոչ է արել առանց քննարկման աջակցել եվրաինտեգրման օրինագծերին՝ հանուն ԵՄ-ի հետ Ասոցացման ն համաձայնագրի ստորագրման:








































