ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ որդուն պատկանող՝ Մարգարյան փողոցում գտնվող «Կայզեր» սուպերմարկետն անհանգստություն է պատճառում տարածքի բնակիչներին։ Սուպերմարկետն օրեցօր ընդլայնում է իր տարածքը՝ ավտոկանգառներ, գորգերի լվացման կետեր են կառուցվում, հարևանությամբ սուպերմարկետին պատկանող տաքսիներն են կանգնում, որոնք, բնակիչների խոսքով, ամբողջ գիշեր իրենց անհանգստացնում են։
«Բացի նրանից, որ մի ամբողջ մրգատու այգի կտրվեց, բացի նրանից, որ բնակելի շենքին շատ մոտ հսկայական տարածք ավտոկանգառ են սարքել, նաև անհանգստություն են պատճառում, տաքսիստների հայհոյանքներն ենք լսում ամբողջ գիշեր, և այդ սուպերմարկետի տարածքի լուսավորությունը մեր բնակարաններում է»,- դժգոհեց բնակիչներից մեկը՝ Ռուբինա Գևորգյանը։
Վերջինս պատմեց նաև, որ սուպերմարկետը կառուցելիս հատվել են իր հոր կողմից տարիներ առաջ տնկված պտղատու այգիները։ Իր հայրը բնակարանը ստանալուց հետո անմիջապես հարևանությամբ տնամերձ տարածք է վերցրել, կանաչապատել, ծառեր է տնկել, այգի սարքել, որը կոչվել է «Միչուրինի այգի»։ 4 տարի առաջ, երբ սկսել են սուպերմարկետի շինարարական աշխատանքները, տարածքն ապօրինաբար սեփականացվել է։
««Կայզերի» տնօրենը մտավ իմ բնակարան, իրեն շատ ոչ կոռեկտ պահելով հայտարարեց, թե իրենք ամեն գնով կգնեն այդ հողը, քանի որ լավ բան են սարքում»,- պատմեց Ռուբինա Գևորգյանը, ով այն ժամանակ կարծել է, թե պուրակ են սարքում կամ այլ հաճելի վայր, բայց ամառանոցից վերադառնալուց հետո տեսել է, որ ամբողջ այգու ծառերը «պառկած են» և 4-5 տղաներ սղոցն առած կտրում են մնացածը։ «Երբ ես խառնվեցի իրար, այդ լիազոր անձը հայտարարեց՝ ոչինչ էլ չես կարող անել, տես՝ ոնց եմ բուլդուզեր առած հողին հավասարեցնում ամեն ինչ։ Եվ այդպես էլ արեցին»,- ասաց նա։
Ռուբինա Գևորգյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է 4 տարի սպասել, ինչու ժամանակին չի խոսել այս ապօրինությունների մասին։ «Երբ այլևս ոչինչ հետ բերել հնարավոր չէր, նրանք ինձ խոստացան, որ կփոխհատուցեն, իսկ որդուս աշխատանքի կընդունեն, բայց մինչ օրս իրենց խոստումը չեն կատարել։ Ավելին, մինչև հիմա շարունակում են ահաբեկել տարածքում ապրողներիս։ Տարածքում հսկայական ավտոկանգառ է կառուցվել, գորգերի լվացման կետ, տաքսիների կանգառ, որոնց աղմուկը ամբողջ գիշեր խանգարում է հարևաններին։ Ես հիմա իմ բնակարանը չեմ կարողանում գոնե կես գնով վաճառել, քանի որ բոլոր պատուհանները նայում են ավտոտնակների»,- պատասխանեց նա։
Ռուբինա Գևորգյանը մինչ օրս փորձում է հանդիպել սուպերմարկետի տնօրենի հետ, մենեջերի միջոցով խնդրում է փոխանցել նրան, որ ցանկանում է հանդիպել, սակայն՝ ոչ մի արձագանք։ «Հիմա ոչ այգիս կարող եմ հետ բերել, ոչ էլ իրենց խոստումներն են կատարում»,- դժգոհեց մեր զրուցակիցը։









































