Ֆրանսիան ողջունում է նախօրեին Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:
«Ամեն անգամ պետությունների ղեկավարները հանդիպում են կապերը և փոխհարաբերությունները լավացնելու նպատակով, և մենք դրական ենք վերաբերվում դրան»,- նշել է դեսպանը:
Նրա խոսքերով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստում են նախագահների հաջորդ հանդիպումը:
«Կարծում եմ՝ այսպիսով նոր թափ է տրվել երկու երկրների միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով երկխոսությանը, և մենք աջակցում ենք դրան: Ֆրանսիան՝ որպես համանախագահ երկիր, պատասխանատվություն է զգում հակամարտության կարգավորմանն ուղղված հանդիպումների հաջող անցկացման համար»,- ասել է Մոնյեն:
Դիվանագետի խոսքերով՝ Ֆրանսիան աջակցում է հակամարտող կողմերի միջև փոխգործունեությանը, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության մակարդակով: Նա նշել է, որ նոյեմբերի 28-29-ին Ստրասբուրգում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը: Ակնկալվում է, որ հանդիպման ավարտին կստորագրվի համատեղ հռչակագիր:









































