Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել «Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին» օրինագծին։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այս կապակցությամբ հայտարարել է, որ օրինագիծն ոլորտը կարգավորող իրավական նորմեր չի պարունակում:
«Օրինագիծը վերաբերում է միայն մայնինգի գործընթացներին, կրիպտոարժույթների թողարկմանն ու վաճառքին, մինչդեռ թվային տեխնոլոգիաները լայն հասկացություն են: Այս կապակցությամբ կրիպտոարժույթների ոլորտը կարգավորող օրինագծի ընդունումը նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով այս հարցի վերաբերյալ միջազգային դիրքորոշումը. առաջատար երկրների մեծամասնությունը կոչ է անում ձեռնպահ մնալ կրիպտոարժույթներով գործարքներից»,-մասնավորապես ասել է Սուրեն Կարայանը։
Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը միջազգային փորձը վկայակոչելը ճիշտ չի համարում, քանի որ կրիպտոարժույթների վերաբերյալ միջազգայնորեն ընդունված միանշանակ մոտեցում չկա։
«Այս օրինագծի հիմնական շեշտադրումն ուղղված էր մայնինգին, մինչդեռ կրիպտոարժույթն ոչ միայն մայնինգն է, այլև շատ մեծ տեխնոլոգիական հնարավորությունների զարգացումն է և հենց այդ տեխնոլոգիաներն էլ կարելի է կիրառել բազմաթիվ ոլորտներում, որի օրինակը մենք տեսնում ենք հարևան Վրաստանում և հենց Վրաստանի փորձն էլ կարելի է կիրառել․ սա շատ լուրջ հակակոռուպցիոն հնարավորություններ է տալիս, երբ օրինակ բլոկչեյնի տեխնոլոգիաները կիրառվում են պետական կառավարման ոլորտում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սամվել Մարտիրոսյանը և այս համատեքստում նկատեց, որ տարօրինակ է հայրենի կառավարության դիրքորոշումն առ այն, որ նա փորձում է կասեցնել մի բան, որը դեռևս այդքան էլ հասկանալի չէ (նկատի ունի կրիպտոարժույթի ոլորտը-խմբագրական):
«Մայնինգի նկատմամբ մոտեցումը մեզ մոտ շատ միակողմանի է․ ընդհանուր առմամբ փորձում են տանել այն գիծը, թե սա ինչ-որ ահաբեկչական բան է իր մեջ պարունակում, կրիմինալ է և այլն, բայց իրականում դա այդպես չէ․ միջազգային փորձը ցույց է տալիս, որ ահաբեկիչներն օգտագործում են հենց թղթադրամները, այլ ոչ թե շատերի համար դեռևս անհասկանալի ու ինչ-որ խուճուճ կրիպտոարժույթները։
Կարծում եմ, որ այստեղ կառավարության խնդիրն անվերահսկելիության վախն է և անձամբ ինձ մոտ մտավախություն կա, որ այս տեխնոլոգիաներն ուղղակի մեր կողքով են անցնում ու մենք էլ կոնսերվատիվ լինելով՝ փորձում ենք այսպես ասած «շառից հեռու մնալ»»,-նշեց Մարտիրոսյանը։
Մինչդեռ, մեր զրուցակցի դիտարկմամբ՝ չենք կարող ժխտել իրականությունն ու չնկատել, որ Հայաստանն արդեն իսկ ներգրավված է այս շուկայի մեջ, այստեղ արդեն իսկ մայնինգ արվում է և ասվածի վառ օրինակն այն է, որ վիդեոքարտերի մեծածավալ առքուվաճառք է գնում։
«Եթե մեր կառավարության մտավախությունը այս ոլորտում վերահսկողության բացակայությունն է, ապա ներկայումս էլ ընդհատակում մայնինգ արվում է և Հայաստանում պետական մակարդակով դա չեն կարողանում վերահսկել և այդ անվերահսկելիությունը գոյություն ունի նաև էլեկտրոնային առևտրի ոլորտում, օնլայն խաղասրահների և բազմաթիվ այլ ոլորտներում, այսինքն իրականում մեր պետությունն՝ ինչպես աշխարհի բոլոր պետություններն արդեն իսկ կորցրել են վերահսկողության շատ ոլորտներ, որոնք ինքնաբուխ են զարգանում և որոնք հանգեցնում են նաև ֆինանսական լուրջ կորուստների, օրինակ հենց նույն էլեկտրոնային առևտրի միջոցով զգալի գումարներ են Հայաստանից դուրս գալիս, բայց պետք է հասկանալ, որ այլընտրանքը ոչ թե այդ ամենի վրա արգելք դնելն է, այլ օժանդակելը, որպեսզի այդ սխեման Հայաստանում աշխատի, օրինակ այդ էլեկտրոնային առևտուրը Հայաստանում զարգանա»,-ասաց Մարտիրոսյանը։
Վերջինիս գնահատմամբ՝ մայներներին ամբողջությամբ հարկերից ազատելն էլ ճիշտ չէ, քանի որ դա ևս առևտրի մի ձև է, որը պետք է ինչ-որ չափով հարկվի՝ օրենսդրական հստակ կարգավորման պարագայում։
«Կարելի է մտնել հայտարարությունների կայքերն ու տեսնել, թե ինչ ահռելի քանակի ֆերմաների առքուվաճառք է գնում և այս պարագայում ուղղակի ծիծաղելի է փորձել թեման ծածկադմփոց անել, երբ որ բոլորն են դրանով զբաղվում՝ ներառյալ այդ նույն պատգամավորները, ուղղակի դրա մասին ոչ մեկ չի խոսում»,-ընդգծեց Սամվել Մարտիրոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։









































