Պաղեստինցի գիտնական-միկրոկենսաբան, 38-ամյա Սամեր Հիլմի Աբդ Ալ-Լատիֆ Ալ-Բարաքը, ով 10 տարի առաջ հայտնվել էր Գուանտանամոյում՝ միջազգային ահաբեկիչների հետ կապի կասկածանքով, պարզվում է, որ արդեն երեք տարի է՝ գտնվում է իսրայելական բանտում: Այնտեղ նա պահվում է վարչական կալանքի տակ՝ «Ալ-Քաիդայի» հետ համագործակցելու կասկածանքով:
Ալ-Բարաքը միկրոկենսաբանության ոլորտում գիտական աստիճան է ստացել Պակիստանում և ուսման տարիներին հավաքագրվել միջազգային ահաբեկչական ցանցի ներկայիս առաջնորդներից մեկի՝ Այման Ալ-Զավահիրիի կողմից՝ գրում է NEWSru Israel-ը:
Պակիստանի և Աֆղանստանի ահաբեկչական ճամբարներում նախապատրաստվելուց հետո նա, ինչպես ենթադրվում է, զբաղվել է «կենսաբանական զենքի» մշակմամբ և անձամբ շփվել «Ալ-Քաիդայի» հիմնադիր Ուսամա բեն Լադենի հետ:
Նա արդեն 10 տարի գտնվում է ճաղերի հետևում: 2003-ին Գուանտանամո տեղափոխվելուց հետո երեք ամիս անց նրան արտահանձնել են Հորդանան, որտեղ նա 6 տարով ազատազրկվել է միջազգային ահաբեկչական կազմակերության անդամ լինելու համար: Ժամկետի ավարտից հետո նրան արտաքսել են պաղեստինյան ինքնավարություն, սակայն 2010-ի հուլիսին Ալենբիի հսկիչ անցակետում իսրայելական հատուկ ծառայությունները ձերբակալել էին նրան:
Այն մասին, որ ահաբեկչական կազմակերպության ենթադրյալ ստեղծողը արդեն երեք տարի գաղտնի պահվում է իսրայելական բանտում, հայտնի է դարձել այսօր, երբ Ալ-Բարաքը դիմել է երկրի Գերագույն դատարանին՝ նրան ազատելու պահանջով: Նրա դեմ մեղադրանքներ առաջադրված չեն:











































