Հինգշաբթի օրը US Airways ավիաընկերության Ֆիլադելֆիա-Նյու Յորք ավիաչվերթը այդպես էլ չի կայացել՝ ինքնաթիռն այդպես էլ օդ չի բարձրացել: Պատճառը հաշմանդամ ուղևորներից մեկին ուղեկցող շունն էր: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտարարել են բորտուղեկցորդները՝ շունը, իր տիրոջ նստարանի տակ նստելու փոխարեն, շրջել է սրահով: Աշխատակիցների կարծիքով՝ թռիչքի ժամանակ դա կարող էր խանգարել ինքնաթիռում գտնվող մարդկանց անվտանգությանը:
Կենդանու տերը՝ Ալբերտ Ռիցին, պնդում է, որ շունն իրենից հեռու չի գնացել: Այդ մասին են վկայում նաև այլ ուղևորներ, ովքեր պաշտպանել են հաշմանդամին, երբ ինքնաթիռի աշխատակիցները որոշել են նրան թողնել Ֆիլադելֆիայի օդանավակայանում:
Արդյունքում չվերթը հետաձգել են: Ավիաընկերությունը, բացի Ալբերտ Ռիցինից, վերադարձրել է բոլոր ուղևորների տոմսերի գումարները և մինչև Նյու Յորք հատուկ ավտոբուս տրամադրել: Իսկ ավիացիոն գերատեսչությունը արդեն սկսել է ստուգումներ անցկացնել կատարվածի կապակցությամբ:








































