ԱՄՆ-ը կպահպանի իր ռազմական ներկայությունը Սիրիայում՝ ուղղված ԴԱԻՇ-ի դեմ պայքարին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։
«ԱՄՆ-ը կպահպանի իր՝ իրավիճակով պայմանավորված և ԴԱԻՇ-ի վրա կենտրոնացած ռազմական ներկայությունը Սիրիայում»,-ասել է պետքարտուղարը Էլ-Քուվեյթում՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիայի անդամ երկրների նախարարական հանդիպմանը։
Թիլերսոնի խոսքով՝ այդ ներկայության շրջանակում ԱՄՆ-ը կշարունակի պատրաստել Սիրիայում անվտանգության տեղի ուժերին։

«Մենք նաև աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի մեր պատրաստած տեղի ուժերը լինեն արդյունավետ, հաշվետու և մարդու իրավունքները հարգող»,-ասել է պետքարտուղարը։
Նա կարևոր է անվանել այն, որ այդ ուժերը սպառնալիք չներկայացնեն հարևան բնակավայրերի կամ հարևան երկրերի համար։
Թիլերսոնը կոչ է արել բոլոր կողմերին կենտրոնացնել իրենց ջանքերը ԴԱԻՇ-ի ջախջախման, իրավիճակի լիցքաթափման, սիրիական հակամատության կարգավորման և խաղաղ բնակչության պաշտպանության վրա։
Պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մնում է Սիրիայում մարդասիրական օգնության խոշորագույն դոնորը։ Թիլերսոնի խոսքով՝ հունվարի վերջին մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը, որն ԱՄՆ-ը ցուցաբերել է Սիրիային այդ երկրում ճգնաժամի մեկնարկի պահից, կազմել է մոտ 7.7 մլրդ դոլար։









































