ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Սիրիայում ՝ ԻՊ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի «թատրոնը», որը վերածվում է Թուրքիայի դեմ պայքարի,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը:
Թուրքիայի և ԱՄն հարաբերությունները ճգնաժամի մեջ են՝ ԱՄՆ-ի կողմից սիրիական քրդերի ինքնապաշտպանական ջոկատներին (YPG) ցույց տրվող աջակցության պատճառով, որոնց Անկարան ահաբեկչական կազմակերպություն է համարում: Իր հերթին, Վաշինգտոնն իր գործողությունները բացատրում է ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարով:
«Մենք Սիրիայի հետ 911 կիլոմետր սահման ունենք: Ի՞նչ կապ ունի ԱՄՆ-ն սիրիական սահմանի հետ: Նրանք արդեն 550 միլիոն դոլար են ծախսել (YPG-ին օգնելու վրա), բայց հիմա ուզում են այդ թիվը մինչև 3 միլիարդի հասցնել: Դուք ասում եք, որ կռվում եք ԻՊ-ի դեմ: Իսկ քանի՞ ԻՊ անդամ եք դուք վերացրել: Նրանք, ովքեր կռվում էին ԻՊ-ի դեմ, հիմա կռվում են Թուրքիայի դեմ: Ոչ ոք իրավունք չունի ԻՊ-ն օգտագործելու որպես պատրվակ: Ժամանակն է վերջ տալ այս թատրոնին, ժամանակն է հանել դիմակները»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով իշխող կուսակցության պատգամավորների առջև:
«Մեզ ասում են. «եթե մեզ հարվածեն, մենք դաժան պատասխան կտանք»: Ով որ դա ասում է, երբեք չի փորձել օսմանական բռունցքը»,- ավելացրել է Թուրքիայի նախագահը:









































