Դատախազությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Սերժ Սարգսյանը հանձնարարել է վերանայել Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը և գտնել այլընտրանքային տարբերակներ: Դժվար է արձագանքել այդ հայտարարությանը: Այն ծիծաղ է առաջացնում, նույնիսկ կարելի է հռհռալ այդ հայտարարության կապակցությամբ, բայց անպատշաճ է, որովհետև խոսքը մարդկային ողբերգությանն առնչվող դեպքին է վերաբերում՝ ավտովթար, դրա վերաբերյալ մեղադրանքներ, մի կողմում մարդկային կորուստներ, մյուս կողմում էլ Վարդան Պետրոսյանի ճակատագրի խեղումը` թե՛ որպես մարդ, թե՛ որպես տաղանդավոր արվեստագետ: Մյուս կողմից` դատախազության հայտարարությունն էլ իր հերթին մի ողբերգություն է, պետական ողբերգություն:
Պետության կարևորագույն հատկանիշներից մեկը արդարադատության համակարգն է, երբ այն գործում է հստակ, օրենքի և Սահմանադրության հիման վրա, երբ արդարադատության համակարգը ոչ թե հաշվեհարդարի, կամայականությունների, քմահաճույքի, վրեժխնդրության, այլ քաղաքացու օրինական պաշտպանության համակարգ է, որը թե մեղադրվողներին է պաշտպանում կամայականություններից, թե տուժողներին է պաշտպանում անօրինականությունից: Երբ պետությունը չունի արդարադատության համակարգ, դա ողբերգություն է:
Դատախազության հայտարարությունը Հայաստանում արդարադատության համակարգի բացակայության հերթական և վառ դրսևորումն է: Նոր դրսևորում չէ, հետևաբար շանթահար չենք լինի, բայց հերթականն է, որը սակայն արդեն հանդիսանում է գրեթե անմեղսունակ դրսևորում: Անմեղսունակ, որովհետև դրանից առաջ էլ հայտարարվում է, որ Սերժ Սարգսյանն իրավասու չէ միջամտել դատական գործընթացին: Իսկ մեկ օր հետո, Սերժ Սարգսյանը միջամտում է: Իհարկե, միջամտությունը կոնկրետ դեպքի մասով ունի դրական միտում, ողջունել անգամ կարելի է, որ առանց այդ էլ ճակատագրի ողբերգական հարվածի արժանացած մարդը չի ենթարկվում արդարադատության կամ ավելի ճիշտ անարդարադատության հարվածներին: Բայց միայն այդքանը, որովհետև խորքային առումով հնարավոր չէ ողջունել պետական ողբերգությունը:
Ինչպե՞ս ողջունել երկրում արդարադատության համակարգի բացակայությունը, ու նաև այն, որ այդ համակարգի գործունեության երաշխավորներից մեկը հանդիսացող պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը, ըստ էության, ոչ թե քայլ է անում արդարադատության համակարգի ուղղությամբ, այլ իրենով է փոխարինում արդարադատությունը: Այսինքն` սա արդեն կրկնակի ողբերգություն է՝ ոչ միայն արդարադատություն չկա, այլ չկա նաև այն ունենալու ջանք, այլ կատարվում է ընդամենը պարզ փոխարինում՝ արդարադատությունը ես եմ, գրեթե լյուդովիկոսյան սկզբունքով: Լյուդովիկոսն էլ պետությունն էր ինքն իրեն համարում:
Իսկ ինչ պետք է լինեն այն բոլոր քաղաքացիների գործերը, որոնք ևս՝ մինչև Վարդան Պետրոսյանը և Վարդան Պետրոսյանից հետո կենթարկվեն անարդարադատության համակարգի անհիմն որոշումներին և կկալանավորվեն` այն դեպքում, երբ լիովին կարող էր նրանց համար խափանման այլ միջոց ընտրվել: Չէ՞ որ միայն Վարդան Պետրոսյանը չէր, որ ունի այդ խնդիրը: Մինչև նա այդ խնդիրը ունենում էին հազարավոր մարդիկ, և նրանից հետո էլ կունենան հազարավորները: Եվ ի՞նչ, Սերժ Սարգսյանը բոլորի համար մեկ առ մեկ դիմելո՞ւ է դատախազությանը՝ խափանման անհիմն միջոցները վերանայելու կոչով կամ հորդորով: Իսկ եթե չի դիմելու, ապա ինչո՞վ են մեղավոր այդ մարդիկ, որ հայտնի դերասան, արվեստագետ չեն, որ իրենց վերաբերյալ Facebook-ը կամ մամուլը աղմուկ չի բարձրացրել, որ մտավորականներ չեն խառնվել իրար, որ ստորագրահավաքներ և այլ ակցիաներ չեն լինում: Ուրեմն այդ մարդիկ պետք է ենթարկվե՞ն անհիմն գործողությունների:
Արդարադատության համակարգի բացակայությունը երկիրը քանդում է ներսից: Ներսից ոչ թե սահմանների համեմատությամբ, այլ ներսից հենց շաղախի, պատերի և սյուների բաղադրության, այլ կերպ ասած` մարդկային հոգիների իմաստով: Իսկ թագավորական կամ թագավորանման հրովարտակները խորացնում են այդ ավերը, որովհետև լեգիտիմացնում են ինստիտուտների բացակայությունը: Ինստիտուտները պետության արյունատար անոթներն են, որոնք քաղաքացիներին հաղորդում են հոգեկան հանգստություն, պաշտպանվածության զգացում, որոնք անգամ սոցիալ-տնտեսական և այլ կարգի խնդիրների պարագայում հանդիսանում են այն մեխանիզմները, որոնց քաղաքացին կարող է դիմել: Գիտե, որ դրանց կարող է դիմել: Ու դա արդեն ապահովում է քաղաքացիական մի այնպիսի հոգեվիճակ, որը շատ կարևոր է պետության կայունության և ամրության համար:
Որևէ երկրում չկա իդեալական սոցիալ-տնտեսական իրավիճակ, իդեալական կառավարում, որպեսզի հասարակությունը գոհ ու երջանիկ լինի: Գոհ ու երջանիկ հասարակություն էլ երևի թե որևէ երկրում չկա: Կա պետական մեխանիզմի բավարար ինստիտուցիոնալացում օրինականության և սահմանադրականության հիմքի վրա, այսինքն` առկա խնդիրների լուծման մեխանիզմների ապահովում: Հասարակական համերաշխությունը, որը ցանկացած պետականության անվտանգության հիմքն է, կայանում է հենց այդ մեխանիզմների և ոչ իդեալական կենսապայմանների հիմքով:
Հայաստանում ոչնչացվում է հենց այդ հիմքը կամ ոչնչացված է իսպառ, պարզապես ձեռնարկվում են արդարադատությանը փոխարինող այդպիսի քայլեր, հանրության մոտ այդ ոչնչացվածության լիակատար գիտակցման ձևավորում թույլ չտալու համար, այլապես պետական ողբերգությունը լիովին և խորքային ընկալող հասարակությունը իշխող համակարգի համար կդառնա անկառավարելի:









































