Դանիայի իշխանական «Լիբերալ կուսակցությունից» պատգամավոր Յակոբ Էնգել-Շմիդտը երկու աշխատանք է կորցրել և իր ընտրատարածքի ներկայացուցչությունը այն բանից հետո, երբ նրան բռնել են կոկաինի ազդեցության տակ մեքենա վարելիս:
Քաղաքական գործչին երեք տարով զրկել են վարորդական իրավունքից և տուգանք են նշանակել:
Facebook-ում արած իր գրառման մեջ քաղաքական գործիչը հաստատել է, որ ղեկին «կայֆի տակ» է եղել:
«Անցած տարվա հուլիսին ես իմ կյանքի ամենավատ սխալն եմ արել: Ինձ կանգնեցրեց ոստիկանությունը՝ մեքենայիս լույսի անսարքության պատճառով: Ինձանից արյան անալիզ վերցրեցին, որը ցույց տվեց, որ չպետք է նստեի ղեկին, քանի որ արյանս մեջ թմրանյութեր կային. Դա կոկաին էր: Դա բացարձակ անընդունելի է բոլոր առումներով»:
«Յակոբ Էնգել-Շմիդտը իրոք անմիտ և անօրինական բան է արել: Նա ինքն ասաց, որ նման բանը ներել չի կարելի, և ես համաձայն եմ նրա հետ»,- հայտարարել է Սորեն Գադեն՝ «Լիբերալ կուսակցության» խորհրդարանական խմբակցության ղեկավարը:











































